մյուս իշխաններն ընդդեմ չեն լինիլ, եթե դու հաշտվես և արգելես առաջիկա կոտորածը։
-Իսկ Սևադա իշխա՞նը, նրա երկու որդինե՞րը, կատաղի զարդմանացի՞ք, որոնք եկել են իրանց կույր իշխանների վրեժը լուծելու թագավորից...
-Սևադա իշխանը ներեց թագավորին։
-Ի՞նչ, Սևադան ներե՞ց,-տեղից վեր թռչելով բացականչեց Ամրամը։
-Այո՛, ես նրա մոտ էի. նա ներեց և ետ կկանչե յուր զորքերը, եթե դու էլ վեհանձնաբար վայր դնես քո սուրը։
Բարկության հուրը ցոլաց Ամրամի աչքերում, նրա դեմքը այլայլվեցավ և շունչը կարծես թե բռնվեցավ, ինչպես հնոցի մեջ խեղդվող բոցի ծուխը։
Նա մի քանի քայլ առաջ գնաց, նորեն ետ դարձավ և ապա կանգ առնելով իշխանի առաջ, հարցրեց կրկին.
-Եվ այդպե՛ս, նա ուրեմն ներե՞ց... և զորքերը ետ կկանչե, եթե ես հաշտվեմ...
-Այո՛, նա բոլորովին ներեց. նա հարգեց իմ խնդիրը, նա ապացուցեց, որ սիրում է հայրենիքը։
Ամրամը ձգեց յուր ձեռը, բռնեց իշխանի թևից և կամացուկ ձայնով ասաց.
-Այստեղ մեզ կարող են լսել, արի իմ առանձնարանը:
Այս ասելով նա առաջ անցավ և ներքին վարագույրը բանալով՝ մտավ վրանի երկրորդ բաժանմունքը: Իշխանը հետևեց նրան։
-Այդ Սևադան, այդ հպարտ զարդմանացին, որ երդվել էր պատժել յուր դահճին, ի՞նչ բարիքների հուսով է հաշտվում թագավորի հետ,-դարձավ Ամրամը Մարզպետունուն:
-Յուր անձի համար և ոչ մի։ Նա խնայում է յուր հայրենակիցների արյունը։
-Իսկ նա պատմե՞ց քեզ, թե ինչո՞ւ համար եմ սուր վերցրել ես։
-Պատմեց. ես բոլորը գիտեմ։
-Պատմեց, և դու բոլորը գիտե՞ս...-զայրույթից կարծես խեղդվելով հարցրեց Ամրամը։