-Տե՛ր Մարզպետունի, շահավոր խոսելն ավելի հեշտ է, քան շահավոր գործելը։ Ես չէի ցանկանալ չարագործի անուն վաստակել, բայց հանգամանքները չարագործ շինեցին ինձ։ Այսուհետև ես չպիտի մտածեմ, թե ի՛նչ է ասում աշխարհն ինձ համար, ես միայն մի մարդու պիտի հաշիվ տամ. դա իմ ներքին մարդը, իմ խիղճն է...
-Այդ խիղճը թույլ չի տալ քեզ, որ եղբարցդ կյանքը վտանգի ենթարկես։
-Մի՛ ընդհատիր, իմ խիղճը ավելի ընտանի է ինձ: Բայց այդ չէ խնդիրը, եթե ես, մինչև անգամ, իմ արդար ցասումը ճնշեմ, իմ խիղճը բռնաբարեմ, դարձյալ չեմ կարող քո խնդիրը կատարել, որովհետև միայն ես չեմ, որ թագավորի դեմ եմ կանգնած, ինձ հետ են նաև Գարդմանա և Ափխազիո իշխանները իրանց դաշնակիցներով։ Անշուշտ դու տեսար այս հովտի վրա զարկած բազմաթիվ վրանները. այստեղ խմբված են այն իշխանները, որոնք հին հաշիվներ ունեն թագավորի հետ վերջացնելու։ Եթե ես ամփոփեմ ուտիացո դրոշը, միևնույն է, ինձ չեն հետևի ո՛չ սևորդիները, ո՛չ գարդմանցիք, ո՛չ աղվանք, ո՛չ տայոց իշխանը, ո՛չ ափխաղաց արքայորդին։
-Բե՞ր իշխանը... Նա՞ էլ այստեղ է։
-Այո՛, նա էլ այստեղ... հայոց թագավորի տոհմական թշնամին։
-Որի հետ միացել ես դո՛ւ։
-Այո՛, և երդվել եմ, ինչպես նրան, նույնպես և մյուս դաշնակիցներին, կռվել հետերնին միասին մինչև իմ վերջին շունչը։
-Եվ եթե հաշտվե՞ս։
-Այն Ժամանակ այդ բոլորի սուրը կդարձնեմ միայն իմ անձի դեմ։ Այս է մեր պայմանը։
-Հիշածների մեջ, սիրելի Ամրամ, միայն Ափխազիո երիտասարդ իշխանն է, որ դժգոհ կմնա հաշտությունից, որովհետև նա եկել է կոտորելու և ավերելու նպատակով։ Ինքդ ասացիր, որ նա արքայի տոհմական թշնամին է, և բնական է, որ չկամենա ձեռնունայն վերադառնալ յուր հոր մոտ։ Բայց