Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լսեց ինձ, մոռացավ յուր վիշտր, յուր վրեժխնդրությունը... Դու էլ, ես հավատացած եմ...

-Ո՛չ, տեր Մարզպետունի, մի՛ հավատար,-ընդհատեց հանկարծ սեպուհը.-մի՛ հավատար, թե ես կարող եմ քեզ լսել, թե քո խոսքերը կարող են իմ սիրտը շարժել, թե Ամրամ սեպուհը կարող է հայրենիքի համար մտածել...

-Ինչո՞ւ ուրեմն ետ դարձրիր ինձ. ես այդ համոզմունքով արդեն հեռանում էի քեզանից։

-Ետ դարձրի, որ իմ սիրտը բանամ քո առաջ, ցույց տամ քեզ նրա ժահահոտ վերքերը, որպեսզի թագավորիդ հանդիպած Ժամանակ պատմես նրան, թե Ամրամը ինչո՛ւ կործանման սուրը մերկացրեց։

-Նա քեզ չի արդարացնիլ։

-Մի՞թե ես սպասում եմ, որ նա ինձ արդարացնե...

-Ինչո՞ւ ուրեմն հայտնեմ նրան, թե ինչ պատճառով կործանման սուրը մերկացրիր։

-Որպեսզի, եթե աստված ինձ հաջողե և ես քո թագավորի զորությունը ջախջախեմ, երկիրն ավերեմ, քաղաքները հրդեհեմ և նրա գահն ու թագը ապականության մոխրով ծածկեմ, նա իմանա, թե որ անարգանաց վրեժը լուծեց Ամրամը իրանից...

-Այդ նա կիմանա... Անշուշտ կիմանա. բայց դու էլ իմացիր, որ այդպիսի անխիղճ գործերի համար բոլոր աշխարհը պիտի քեզ անիծե։

-Այդ անեծքները չեն տանջիլ իմ հոգին ավելի, քան որքան տանջվում է նա այժմ ապիրատ թագավորի ինձ հասցրած անարգանքի պատճառով... նույնիսկ օրհնություններն անկարող են բուժել այն վերքերը, որոնք լափում, սպառում են այժմ իմ գոյությունը...

-Բայց եթե կարողանայիր մի վայրկյան սառը ուղեղով դատել, եթե երիտասարդական անփորձ եռանդը տեղի տար խոհեմության և իմաստության... եթե վրեժխնդրության փոխարեն վառվեր քո սիրտը հայրենիքի սիրով... այն ժամանակ հավատացած եմ, չէիր կամենալ մի կնոջ պատճառով հայրենյաց դավաճանի անուն վաստակեր:

Սեպուհը մոտեցավ իշխանին, յուր հրավառ հայացքն