Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զոհել յուր անձնական չնչին հաճույքին, յուր վրեժխնդրությանը։ Այս պատճառով էլ նա սպասում էր, որ Ամրամի զայրույթն իջնե և ինքը նորից սկսե խոսել նրա հետ։

Վերջապես սեպուհը նստեց յուր մահճակալի ծայրին և կարծես վրդովմունքից հոգնած, լուռ և անթարթ աչքով սկըսավ նայել վրանի մուտքին։

-Ամրամ սեպուհ, ի՞նչ անուն կտայիր դու այն մարդուն, որ մի քանի վայրկյան տաքանալու համար` հրդեհեր յուր տունը,-հարցրեց հանկարծ իշխանը, չսպասելով սեպուհի խոսելուն։

-Խելագար կանվանեի...- պատասխանեց վերջինս առանց աչքերը վրանի մուտքից հեռացնելու։

-Ես կարծում եմ` մեզանից ամեն մեկի իսկական տունը և հարազատ ապաստանարանը ապահով հայրենիքն է։ Եթե մենք մեր անձնական, մեր անցողական հաճույքի համար վտանգում ենք նրա խաղաղությունը, նմանում ենք այն մարդուն, որ յուր մարմինը տաքացնելու համար վառում է յուր տունը, չմտածելով թե երբ այդ կրակը հանգչի, երբ հարկի սյուները մոխիր դառնան, ինքը պիտի մնա անտուն, անպատսպարան, միշտ հալածական դառնաշունչ հողմերից կամ թե արևի կիզիչ ճառագայթներից...

-Այդ այդպես է,-պատասխանեց սեպուհը իշխանին դառնալով.-բայց կա այնպիսի սառնամանիք, որ երբ պաշարում է մարդուն, այն ժամանակ սեփական տունը հրդեհելն անհրաժեշտ է դառնում։ Մենք ամեն բանից առաջ մարդ ենք, մսից և արյունից կազմված։ Բե՛ր խրեմ այս սուրը կողերիդ մեջ և տե՛ս թե մահվան տագնապը կպաշերե՞ քեզ թե ոչ։

-Կպաշարե։ Բայց հենց այդ տագնապի մեջ հոգիս ուրախությամբ կբաժանվի իմ մարմնից, երբ մտածեմ, թե մեռնում եմ հայրենիքի համար։

-Իսկ երբ դաշույնը ցցվի հոգվո՞ւյդ մեջ. երբ հոգին ինքը տանջանքների մատնվի՞...

-Եթե դու սիրտ և զգացում ունիս, եթե քո երակներում ազնվական արյուն է հոսում, անկարելի է որ քո հոգին ավելի չխոցոտվի այն ժամանակ, երբ տեսնես, թե քո ձեռքով