Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անարգանք է հասել հայրենիքին, թափվել է եղբարցդ արյունը, վտանգվել է պետական գահը և քո բաց արած ճանապարհով մտել է թշնամին, որ ավերում է հայրենի երկիրը..։

-Գիտե՞ս ի՛նչ կա, տեր Մարզպետունի։

-Ասա՛, լսում եմ։

-Դու հունաց դպրության ծանոթ ես ինձանից ավելի։ Ասում են, որ թագավորի հետ Բյուզանդիոն գնացած ժամանակ կայսեր արքունիքում զարմացել էին քո հունագիտության վրա։ Ճշմարի՞տ է այս թե ոչ։

-Ճշմարիտ է. բայց դու ինչո՞ւ համար ես իմ հունագիտությունը հիշում։

-Ինչո՞ւ համար, ասեմ։ Դու հո կարդացե՞լ ես Հոմերոսը։

-Ինչպե՞ս չէ. նրա հագներգություններից շատը բերան գիտեմ։

-Ուրեմն և գիտես, թե ինչո՛ւ Տրովադան կործանվեցավ և ինչո՛ւ նրա պարիսպների տակ բազմաթիվ հույն զորքերով իրանց բյուրավոր զորքերով ջարդվեցան։

-Գիտեմ. մի կնոջ, մի Հեղինեի անհավատարմության պատճառով։

-Ո՛չ, սխալվում ես, մի դավաճան Պարիսի պատճառով։

-Ես այդպես չեմ հասկանում Հոմերոսը։

-Իսկ հին հույներն այդպես էին հասկանում։ «Հեղինեն մի կին է, ասում էին նրանք, իսկ կինը ոչ այլ ինչ է, եթե ոչ նույն ինքն թուլությունը, որին առաքինությունն ու մոլությունը միատեսակ են գրավում։ Ազնիվ տղամարդի պարտավորությունն է ոչ թե օգուտ քաղել կնոջ թուլությունից, այլ խնամել նրան և պաշտպանել, մանավանդ եթե նա կարոտ է պաշտպանության»։ Պարիսը հակառակ գործեց, նա դավաճանեց յուր հյուրընկալ Մենելավոսին, հրապուրեց նրա կնոջը Աստղիկ դիցուհուց ստացած կիթառի նվագներով, և փախցրեց նրան Տրովադա։ Այս պատճառով ահա հունաց քաջերը ոտի կանգնեցան, բյուրավոր զորքերով դիմեցին Պոնտոս, տասը տարի շարունակ պաշարեցին Պրիամոսի ոստանը, առան նրան և հիմնահատակ արին որպեսզի դրանով