լուծեն վրեժն այն անպատվության, որ դավաճան Պարիսը հասցրել էր հույն թագավորի ընտանիքին՝ հյուրասիրության սուրբ օրենքը պղծելով։ Մեզանից երկու հազար տարի առաջ մարդիկ ընտանիքի պատիվն անարգող հրեշներից այդ ձևով էին իրանց վրեժը լուծում և երկու հազար տարուց հետո դարձյալ նույն ձևով պիտի լուծեն։ Ի՞նչ կարծիք ունիս դու այս մասին։
-Ես մի Հեղինեի պատճառով նույնիսկ տասը հույնի արյուն չէի թափիլ, ո՛ւր մնաց թե բյուրավոր հույների, զորապետների, թագավորների...
-Հա՞... Ուրեմն դու մեծ մարդ ես... Բայց Հունաստանը քեզ պես չմտածեց։ Նա ասաց. «Եթե այսօր Պարիսին թողնենք անպատիժ, վաղն էլ Հեկտորը կգա... ուրեմն լավ է, որ անդրանիկ հարվածն իջեցնենք անդրանիկ հանցավորի գխին...»։
-Եվ դու ուրեմն արդարացնում ես բյուրավոր մարդկանց կոտորածը մի մարդու պատճառով։
-Պատվի պատճառով...
-Եվ դու նույնը կարող ես անե՞լ։
-Նույնը պիտի անեմ, պարտավոր եմ անել։
-Եվ հանգիստ սրտով կնայես կռվի այն դաշտին, ուր եգերացի նիզակները կպատառոտեն հայ կտրիճների կուրծքը, ուր փայլուն սրերը կկիսեն նրանց գլուխները, ուր հայ զորքy յուր դրոշակի պատիվը փրկելու համար կկռվե աննահանջ և կկոտորվի անընդհատ... Իսկ թափվող արյունը, թավալող դիակները, մեռնողների անեծքը, վիրավորների հառաչանքը չե՞ն կտրտիլ քո սիրտը, մանավանդ երբ մտածես, թե այդ բոլորը լինում է մի կնոջ համար...։
-Լսի՛ր, տե՛ր Մարզպետունի։ Դու խոսում ես ինչպեւ մի աբեղա, բայց ես զինվորական եմ...։
-Ամրամ սեպուհ, դու մոռանում ես քեզ,-հանկարծ տեղից վեր թռչելով բացականչեց իշխանը,-դու պարտավոր ես զանազանել հայրենասերն աբեղայից։
-Ներողություն, տեր Մարզպետունի, ես աբեղա բառը գործ դրի խաղաղասերի մտքով. Ամրամն անծանոթ չէ Մարզպետունյաց ժառանգի քաջարիության։