Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անցուդարձ էին անում այդտեղ: Երբ թագուհու գահավորակը մոտեցավ, նրանք իսկույն շարվեցան կարգով և ի նշան հպատակության, նիզակները խոնարհեցին այնքան, որ նրանց տեղերը կպան գետնին։

-Ձեր հիսնապե՞տը,-հարցրեց թագուհին, մոտենալով պահապաններին:

-Այստեղ եմ, մեծափառ տիկին,-այս խոսքերով մոտեցավ թագուհուն մի բարձրահասակ և գեղադեմ երիտասարդ, որ մյուսներից զանազանվում էր յուր զենքերի փայլունությամբ և գլխանոցի վրա ծածանող ցցունքով։

-Բերդակալից լո՞ւր...։

-Տեր բերդակալը պատվիրեց հայտնել, որ աղեղնավորներն ու գեղարդավորները ղրկված են մարտկոցները, բերդապահները հսկում են պատնեշներին, պահակախմբերը գտնվում են աշտարակներում։

-Ամրոցի բանալինե՞րը...

-Սպասում են թագուհու հրամանին փականքները դնելու համար։

-Ինչո՞ւ այսքան ուշ. արդեն մթնել է։

-Այրիվանքից բանբեր եկավ և հայտնեց, որ այս գիշեր Վեհը պիտի ժամանե այստեղ։ Տեր բերդակալը ցանկանում է իմանալ, թե արդյոք բանալիները յուր մոտ պիտի մնա՞ն մինչև Վեհի գալը։

-Հայտնի՛ր բերդակալին, որ փականքները դնե և շտապե ինձ մոտ։

Հիսնապետը գլուխը խոնարհեց և ուղղվեցավ դեպի ավագ դռան փողոցը։

Հասնելով դղյակի դռանը, թագուհին իջավ գահավորակից և ներս մտավ կամարակապ սրահը։ Սա մի ընդարձակ և բոլորշի սենյակ էր, համակ քարաշեն։ Նրա աջ ու ձախ կողմերից բացվում էին չորս փոքրիկ և խորշավոր դռներ, որոնցից ամեն մինը տանում էր դեպի դղյակի ներքին հարկերի զանազան բաժանմունքները կամ ծածկարանները։ Դռների մեջտեղից բարձրանում էր որձաքարե լայնադիր սանդուխտ, որ յուր վերին մասում բաժանվում էր երկու ճյուղերի. դրանցից մինը