Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանում էր միջին հարկը, ուր իշխանազուն տիկնանց ու օրիորդների կացարաններն էին, իսկ մյուսը դեպի վերին դստիկոնները, ուր ապրում էր թագուհին յուր նաժիշտներով։ Սանդուխտները վերից ի վայր ծածկված էին սյունական գորգերով և լուսավորված կամարներից կախած պղնձե կանթեղներով։

Թագուհին նաժիշտների օգնությամբ սկսավ սանդուխտները բարձրանալ և խոտորելով դեպի աջ, հասավ վերնասրահին, որ լուսավորված էր կրկին աշտանակներով։ Սա մի գեղեցիկ և գմբեթարդ շինություն էր, զարդարված որմնասյուներով, խորշավոր անկյուններով, քանդակազարդ ձեղունով և մյուսիոն քարերից կերտած հատակով։ Սրա վրա նույնպես բացվում էին կամարակապ դռներ, որոնք հանում էին դեպի այդ հարկի զանազան բաժանմունքները։

Ամենից մեծ դռնով մտնելով թագուհին անցավ երկու փոքրիկ սենյակներ, որոնց պատերը շինված էին ապակեբուռ գույնզգույն աղյուսներից և գեղեցիկ կերպով փայլփլում էին արծաթե կանթեղների լույսի առաջ։ Այդ սենյակները` զարդարված գորգերով ու օթոցներով, ծառայում էին սենեկապան նաժիշտներին։

Այդտեղից թագուհին անցավ մի ընդարձակ զարդարուն դահլիճ, որ լուսավորված էր չորս մեծամեծ արծաթե ճրագարաններով։ Դահլիճի պատերն ամբողջապես շինված էին նրբատաշ, սպիտակ քարից, զարդարված հարուստ դրվագներով և կարմրաքարե որմնասյուներով ու գոտիներով։ Ձեղունը նույնպես քարաշեն էր և քանդակազարդ։ Նրա չորս անկյունները պաճուճած էին գույնզգույն քարերի գոգավոր և ուռուցիկ մյուսիոններով. իսկ միջավայրը, ուր լուսանցքն էր գտնվում, բարձրանում էր գմբեթաձև, գոտևոր շրջանակներով ու նույնպես զարդարված գույնզգույն և խորշավոր մյուսիոններով։ Դահլիճի հատակն ամբողջապես ծածկված էր գորգերով. պատերի տակ շարված էին բազմոցներ ու տախտեր, վրաները ծածկած դիպակե բարձեր ու մետաքսյա օթոցներ։

Թագուհին բազմեց դահլիճի ճակատին դրված դիպակազարդ բազմոցի վրա, և նաժիշտներից մինը խոնարհելով` դրավ նրա ոտքերի տակ մետաքսյա փնջազարդ բարձը։