Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որքան աներկյուղ էի ես, որքան ահարկու և կործանիչ` իմ թշնամիների համար։ Բայց հայ ժողովրդի, իմ եղբայրակիցների հետ կենակցելիս, ո՞վ է եղել ավելի հեզ, ավելի բարի, ավելի սիրող և անձնվեր, քան Ցլիկ-Ամրամը։ Տեսե՞լ ես իմ մեջ մի ամենափոքր չարություն դեպի իմ ազգակիցը, դեպի ամեն մի մարդ, որ հայ անունն էր կրում... Հարկավ ոչ։ Բայց այժմ ես դարձել եմ մի վայրագ գազան. սրտիս մեջ վառվում է չարության դժոխքը... էլ չեմ զանազանում, թե ո՛րն է հայը և ո՛րն է օտարը. իմ աչքերը պտրում են միայն մի մարդու, դա Աշոտ-Երկաթն է. հոգիս ձգտում է միայն մի գործի, դա վրեժխնդրությունն է... անողոք, մահաշունչ վրեժխնդրությունը... Եվ ամեն մի պատճառ, որ ուշացնում է այդ վրեժխնդրության ժամը, ես կամենում եմ սրով ու հրով վանել... Եվ այժմ դու ինձ հաշտությո՞ւն ես առաջարկում. դու ինձ խնդրում ես ներե՞լ նրան... Ներել այնպես, ինչպես որ ներեց Սևադա՞ն... և զարմանում ես, որ յուր տեսությունից, յուր զույգ աչքերից զրկված մարդը մոռանում է ատելությունը և ներում չարագործին, իսկ ես չե՛մ ներում... Ո՜հ, ի՞նչ անեմ. ինչպե՞ս հասկացնեմ քեզ, թե որքա՛ն տարբեր է իմ վիշտը Սևադայի վշտից... հանեցեք և իմ զույգ աչքերը, առեք ինձանից իմ իշխանությունը, իմ հարստությունը, իմ կալվածքները, բոլոր անձնական բարիքները, բայց վերադարձրեք ինձ ա՛յն, ինչ որ Աշոտը խլեց ինձանից. վերադարձրեք ինձ իմ պատիվը, իմ Ասպրամը... Կարո՞ղ եք այդ անել...։ Ո՜հ, որքա՜ն ծանր, որքա՜ն անտանելի է այս...

Ամրամը, որ խոսելու միջոցին բարձրացել էր տեղից, նորեն ընկավ մահճակալի վրա, հուզմունքից դադրած և գլուխը ձեռքերի մեջ բռնելով սկսավ ծանր շունչ քաշել։

Լռություն տիրեց վրանում։ Չէր խոսում և Մարզպետունին. նա էլ խորասուզվել էր մտածմունքների մեջ։

Անցան մի քանի վայրկյաններ։ Հանկարծ ձիաների խրխնջյուն լսվեցավ վրաններից դուրս և մի պահապան ներս մտնելով` հայտնեց, որ Բեր իշխանը գալիս է սեպուհին այցելելու։