Երկու խոսակիցները միաժամանակ բարձրացրին գլուխները։ Երբ պահապանը դուրս գնաց, Մարզպետունին վեր կացավ տեղից և ձեռքը դեպի Ամրամը պարզելով` հուսահատ ձայնով ասաց.
-Մնաս բարյավ, բարեկամ. երևի հաճելի չէր աստծուն` խնայել այս անգամ մեր ժողովրդին, այդ պատճառով նա քո սիրտը կարծրացրեց։ Բայց դեպի քեզ ունեցած իմ պարտքը ես կատարեցի, իմ խիղճն այլևս չի տանջիլ ինձ։ Մնում է այժմ կատարել դեպի ազգն ու թագավորն ունեցած իմ պարտքը և ես կերթամ այն կատարելու։
-Երթաս բարյավ։ Այս վայրկյանից մենք հակառակորդներ ենք։ Ես չեմ նեղանալ, որ դու պաշտապանես քո թագավորին, այլ կհարգեմ քեզ մինչև անգամ այն վայրկյանին, երբ դու նրան պաշտպանելու համար` քո սուրը կմխես իմ կրծքի մեջ... Բայց կցանկանայի, որ Մարզպետունյաց ազնվարյուն ժառանգը պաշտպան լիներ ավելի ազնվասիրտ թագավորի...
-Ի՞նչ արած, Աշոտ-Երկաթն է այժմ գահի վրա, իսկ ես գահի խոնարհ ծառան եմ։ Մնաս բարյավ։
Այս ասելով Գևորգ իշխանը սեղմեց Ամրամի աջը և տխուր սրտով դուրս գնաց վրանից։
Ամրամը ճանապարհ դրավ նրան մինչև մյուս վրանի մուտքը։ Այդտեղ Մարզպետունին պատահեց ափխազաց արքայազն Բեր իշխանին։ Սա մի նրբակազմ, բարձրահասակ և գեղեցիկ երիտասարդ էր, և հենց նոր ձիուց իջնելով` պատրաստվում էր մտնել վրանը։
Իշխանը հառեց յուր աչքերը երիտասարդի վրա. մի ծանր հայացքով չափեց նրան ոտից մինչև գլուխ և առանց ողջունելու անցավ։
«Գեշի հոտ են առել թշվառականները և հավաքվել ինչպես անգղներ...Սպասեցեք, կտեսնվինք մի օր ձեզ հետ...», շշնջաց ինքն իրան Գևորգ իշխանը և դառը ժպիտը բերանին` աշտանակեց յուր նժույգը և հեռացավ։
Եզնիկը հետևեց նրան։