Այն ժամանակ արքայական զորքը նորեն կդառնար և կհարձակվեր նրանց վրա։ Այդ անսպաս հարձակումը կշփոթեր թշնամուն և կստիպեր նրանց փախչել։
Այս խորհրդին հավանեցին ամենքը, բայց բարվոք համարեցին նահանջը հետաձգել մի օր, որպեսզի, եթե հեծելազորն ստիպված լիներ հանկարծ վերադառնալու և հարձակում գործելու, գոնե հոգնած չլիներ և կարողանար զորեղ դիմադրության թափն ընկճել։
Բայց որովհետև լեռան ստորոտը, ուր այդ միջոցին հանգստանում էր զորքը, զուրկ էր անակնկալ հարձակման ժամանակ պաշտպանվելու հարմարությունից, ուստի որոշեցին անցնել մոտակա կիրճը և գիշերել լեռան լանջին գտնվող ընդարձակ, բայց ավերակ մի բերդի մեջ։
Այդ բերդը, որ «Ավերակ» անունը կրում է վաղ ժամանակներից ի վեր և որը երկրի իշխաններից ոչ ոք չէր նորոգում ռազմական անհարմար դիրք ունենալու պատճառով, ընկած էր Կողբա լեռան լայնալանջ ոստերից մեկի վրա երևում էր ընդարձակ տարածություն։ Նրա կիսավեր պարիսպներն ու աշտարակները, որոնք տխուր տպավորություն էին անում տեսնողի վրա, տակավին պարունակում էին իրանց մեջ բազմաթիվ տներ ու մարտկոցներ, որոնք կարող էին պիտանի լինել բնակության համար։ Բայց որովհետև թշնամու սուրն անխնա մաշել էր մի օր այդտեղի բնակիչներին, ուստի ոչ ոք այլևս բնակություն չէր հաստատում այնտեղ, վախենալով բերդի փակված դրությունից: Նրա ետևից աստիճանաբար բարձրանում էին կոհակավոր լեռները, որոնք ճանապարհ չունեին իրանց վրա և հետևապես անմատչելի էին թե՞ ետևից դարանող թշնամուն և թե՛ բերդից դուրս փախչել ուզողին։ Իսկ առաջից ձգվում էր մի անջրդի խորաձոր, որ ծածկված էր թավուտներով, ժայռերով ու խորափիտներով։ Այդ ձորը մտնելու և բերդը բարձրանալու միակ ճանապարհը երկու ցածուն լեռների կիրճն էր, դեպի որը դիմում էր թագավորը, իշխանների ընկերակցությամբ, որպեսզի զորքի համար գիշերային կայան որոնե։
Ավերակ բերդը տեսնլուն պես եգերացի իշխաններն ամենաապահով տեղն համարեցին այն, մտածելով