Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նժույգների խրխնջյունն էր, որ մերթ ընդ մերթ ընդհատում էր այդ լռությունը։

Քուն չէր մոտենում, սակայն, իշխան Մարզպետունու աչքերին։ Սկզբում, արդարև, նա մի փոքր նիրհեց։ Բայց կռվող ձիաների մի աղմուկից արթնանալով, այլև չկարողացավ քնել։ Իշխանին անհանգստացնում էր տակավին այն կասկածը, որ զորքի ավերակ բերդում գիշերելու պատճառով պաշարել էր նրան։ Նա վախենում էր ապստամբների անակնկալ հարձակումից և այդ երկյուղն անտեղի չէր։ Արձակ դաշտի մեջ, արդարև, ապստամբները չէին վնասիլ արքայական բանակին, բայց խորափիտներով ու գահավեժներով պատած այս բերդի մեջ նրանք կարող էին պաշարել այդ զորքը և չարաչար հարվածել նրան։

Երկար այս ու այն կողմը շրջվելուց ետ, իշխանը վեր կացավ տեղից և այծենակաճը վրան առնելով` դուրս եկավ ցածուն տնակից, որի մեջ պառկած էր ինքը։ Եզնիկը նույնպես, որ գտնվում էր նրա մոտ, վեր թռավ տեղից և հետևեց իշխանին։

- Ո՞ւր, տե՛ր իմ,-հարցրեց նա աչքերը տրորելով։

-Անհանգիստ եմ, Եզնիկ, քնել չկարողացա. կամենում եմ դեպի ձորի բերանն իջնել,-ասաց իշխանը։

- Ինձ ևս թույլ տուր հետևել քեզ։

-Չէ, այս երկու օրը դու բավական հոգնեցար, պառկիր և հանգստացիր, վաղը շատ գործ ունիս կատարելու,-ասաց իշխանը։

-Ոչ, տեր իմ, ես այլևս հոգնած չեմ. թույլ տուր ինձ հետևել քեզ։

Իշխանը չընդդիմացավ, և նրանք միասին դուրս գնացին տնակից։

Աշնանային ցուրտ գիշեր էր. բայց երկինքը պարզ էր և աստեղազարդ. լուսինը հանդարտ սահում էր երկնակամարի վրա և յուր արծաթյա շողերով պայծառ լուսավորում շրջակա լեռները, ժայռերն ու գահավեժները և լայնադիր բերդի կիսավեր շինությունները, որոնք այդ րոպեին իրանց տխուր լռությամբ ներկայացնում էին մի խորհրդավոր և երկյուղ ազդող տեսարան։