Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Թշնամի՞ն,-հարցրեց իշխանը, կարծես չհավատալով յուր ականջներին կամ կամենալով ուրիշ բան լսել բոթաբեր զորականից։

-Այո՛, թշնամին,-կրկնեց վերջինս.-նրա գնդերը կրճի մուտքը փակեցին։

Իշխանն ասես կայծակնահար եղավ։ Նրա կասկածները մարմին էին առել։

-Ինչպե՞ս հասան նրանք այդտեղ, մի՞թե ավելի վաղ չկարողացաք նկատել, որ լուր տայիք մեզ,-հարցրեց իշխանը վայրկենական լռությունից ետ։

-Ո՛չ, տեր իմ, դաշտի վրա մենք չտեսանք նրանց։

-Ինչպե՞ս թե չտեսաք. ուրեմն երկնքի՞ց իջան։

-Ճիշտ որ երկնքից։ Կրճի բերանը փակող լեռան բարձունքից խուժեցին։

Իշխանը մնաց շվարած։

-Շտապենք զորքը ոտի կանգնեցնել, տեր իմ,-կամացուկ ձայնով ասաց Եզնիկը։

-Ավելորդ է. ապստամբներն այս կողմը չեն անցնիլ, նրանք մեր անզգուշությունը չունին,-նկատեց Մարզպետունին և հանդարտ քայլերով ետ դարձավ դեպի բերդը։

Եվ արդարև` փախստական պահապաններին հալածողներ չեղան։ Ամրամի զորքը շատացել էր կրճի բերանը փակելով։ Նա այժմ կարող էր նստել այդտեղ հանգիստ կերպով և սպասել հակառակորդի անձնատուր լինելուն։

Գևորգ իշխանը հասնելով թագավորի վրանին, կանգ առավ այդտեղ։ Նա չէր վստահում մտնել և արթնացնել նրան։

«Սևադայի գուշակությունը կատարվեց,-մտածում էր ինքն իրան Մարզպետունին,-աստված այս անգամ պատժեց հանցավորին, իզուր էինք մենք աշխատում փախչել նրա բարկությունից, այդ բարկությունը հասավ և մատնեց մեզ թշնամուն...»։

Բայց պահանորդ խմբի քայլատրոփը զարթեցրեց զորականներից շատերին։ Թշնամու գալստյան լուրը կայծակի արագությամբ տարածվեց ամեն կողմ և մի քանի վայրկենի մեջ ոտքի հանեց թե՛ զորքերին և թե՛ զորավարներին։

Աղմուկն ու շշուկը զարթեցրեց նաև թագավորին։ Այդ