ժամանակ ահա ներս մտավ Գևորգ իշխանը և հայտնեց նրան տխուր նորությունը։
-Ի զե՜ն ուրեմն...-գոչեց թագավորը և վեր թռավ տեղից։ Նա շտապավ ծածկեց սաղավարտը և սուրն ածելով կամեցավ գուրս թռչել։
-Իզուր է շտապելդ, տեր արքա, թշմանին չէ հառաջանում դեպի մեզ. նա նստած է կրճի բերանում,-հանգիստ ձայնով ասաց իշխանը։
-Ի՞նչ եղանակով ես խոսում, Մարզպետունի իշխան, քնո մե՞ջ ես դեռ,-նկատեց թագավորը` հավատարմի դանդաղկոտությունը տեսնելով։
-Չեմ քնել բնավ և չէի կարող քնել, ես այս դժբախտությանն սպասում էի ամեն վայրկյան։
-Ի՞նչ դժբախտություն... Առաջի՞ն անգամ ենք հարձակման հանդիպում։
-Ո՛չ, տեր արքա, բայց մեր այժմյան դիրքը...
-Դատարկ խոսքեր են,-ընդհատեց թագավորը, չկամենալով որևէ դիտողություն լսել յուր ընտրած դիրքի մասին,- գնա հայտնիր իշխաններին պատրաստվել իսկույն հարձակման։
Իշխանն անխոս դուրս գնաց վրանից և հայտնեց պետերին արքայի հրամանը։
Մի քանի վայրկյանում զորքը պատրաստվեցավ։ Բայց ի՞նչ հարձակում կարող էր գործել հեծելազորը այդ զառիվայրների վրա կամ խորափիտների մեջ։ Նրան հարկավոր էր ընդարձակ դաշտ, լայնադիր ճակատ. մինչդեռ նա յուր առաջ ուներ միայն մի խորաձոր և մի փակված կիրճ։
Իշխաններն ու զորքի պետերն եկան թագավորի մոտ խորհրդի։
-Հարձակումն անհրաժեշտ է, չպետք է հանգստանալու ժամանակ տալ թշնամուն,-ասաց թագավորն իշխաններին։ -Եթե վաղվան սպասենք, ապստամբները լեռան բարձրությունները կգրավեն և մեզ երկու կողմից կպաշարեն։ Այն ժամանակ կռվելն ավելի կդժվարանա։
-Մենք անծանոթ ենք մեր այժմյան դիրքին ու շրջականերին,-ասացին եգերացի իշխանները,-հետևապես