գիշերանց թշնամու դեմ գնալ չենք կարող։ Թողեք առավոտը բացվի, այնուհետև կգործենք, ինչ որ բարվոք կհամարենք: Այժմյանից, սակայն, կարող ենք հետազոտել մեր շուրջը, որպեսզի լույսը բացվելուց գործել սկսենք։
Գևորգ իշխանն ու Վահրամ սեպուհը նույնպես այդ կարծիքին էին. թագավորն ստիպված էր զիջանել իշխանների պահանջին` անօգուտ կոտորած չանելու համար։
Բայց որոշվեցավ, որ Վահրամ սեպուհն ու եգերացի մի իշխան գնան իսկույն իրանց թիկնապահներով շրջակա դիրքերը հետախուզելու։ Եթե դաշտը ելնելու ճանապարհ գտնվեր, ուրեմն կհանեին զորքն այդտեղից և այդպիսով վտանգը կհեռացվեր. իսկ եթե ճանապարհ չգտնվեր, այնուհետև պիտի կռվեին` պաշարման չենթարկվելու համար։
Արևելքը հազիվ սկսել էր շառագունել, երբ Վահրամն ու եգերացի իշխանը վերադարձան իրենց թիկնապահներով և հայտնեցին թագավորին ու իշխաններին հետազոտության արդյունքը։
-Մենք փակված ենք ամեն կողմից,-ասաց սեպուհը.-այս դիմացի լեռը չունի յուր վրա ոչ մի անցք, եթե մենք ինքներս ճանապարհ բանանք` թավուտը կտրտելով, դարձյալ հեծելազորն անցնել չէ կարող, որովհետև լեռան ետևի ստորոտը ծածկված է ժայռերով ու խոխոմներով։ Մեր ետքից բարձրացող այս բլուրները նույնպես խափանում են ճանապարհը, ըստ որում հետզհետե բարձրանալով` միանում են ուրիշ լեռների հետ։ Միակ ելքը այն կրճիցն է, որի առաջը բռնած է թշնամին։ Մեզ մնում է նետաձիգների գունդը հանել կրճի բարձրությունների վրա և այդտեղից, անընդհատ նետաձգությամբ, վանել ճանապարհը փակողներին։ Գուցե այս միջոցով հնար ունենանք թշնամու շարքերը շփոթել և մի քանի գունդ հեծելազոր դաշտ դուրս հանել...։
-Բայց դրա համար օրեր են հարկավոր,-ընդհատեց սեպուհին նրան ընկերակցող իշխանը։
-Ամբողջ շաբաթով կարող ենք նետաձիգներին պարապեցնել այդտեղ,-նկատեց թագավորը,-մենք նետերի մեծ պաշար ունինք։