Իշխանն ու սեպուհը դուրս գնացին իսկույն, իսկ եգերացի պետերը մնացին կանգնած։
Թագավորը մի քանի վայրկյան լուռ անցուդարձ արավ նրանց առաջ և ապա առաջնորդ իշխանին դառնալով` ասաց.
-Կոստանդին թագավորն ինձ ուղեկցելիս հայտնեց, թե եգերացի իշխանների մեջ ամենից ընտիր և ամենից քաջարի անձինքներին է զինակից կարգել ինձ և թե ամենից աներկյուղ զորագնդերն է հանձնել այդ քաջերի ձեռքը։ Ես չեմ պահանջում, որ դուք ինձ օգնեք այս ծանր վայրկենին. կյանքը թանկ պարգև է, ինչպես կարող եք վտանգի ենթարկել նրան... Բայց պահանջում եմ, որ ձեր աշխարհը վերադառնալուց հետո հայտնեք քաջազն արքային, թե յուր իշխանները հայոց ապստամբների դեմ ճակատել չկարողացան... Այդքանով արդեն Կոստանդին թագավորը կարող է յուր իշխանների քաջության չափը որոշել։
Այս ասելով թագավորը դուրս գնաց վրանից։ Եգերացի իշխանների վրա ծանր ազդեցություն արին այդ խոսքերը։ Նրանք շվարած նայում էին միմյանց` առանց խոսել կամ տրտունջ հայտնել կարողանալու։
-Այս անպատվությունը մենք պիտի տանե՞նք...-հարցրեց վերջապես երիտասարդ իշխաններից մինը իրենց առաջնորդին։
-Ո՛վ չի կարող տանել, պիտի վերցնե յուր գունդը և հետևե հայոց թագավորին,- ծանրությամբ նկատեց առաջնորդը։
Բայց ոչ ոք չպատասխանեց նրան, որովհետև այդպիսի հանդուգն ձեռնարկության ոչ ոք էլ չէր կամենում մասնակցել։
Իսկ Աշոտ արքան վրանից ելնելով` պատրաստ գտավ արդեն վանանդացոց և տայոց քաջերին, որոնց գլուխ էին անցել Մարզպետունի իշխանը և Վահրամ սեպուհը։
Թագավորն աշտանակեց իսկույն յուր օդապարիկ նժույգը և առաջ անցնելով` բարձր ձայնով գոչեց.
-Քաջե՛ր, ո՞վ է կամենում ձեզանից կռվել և մեռնել թագավորի հետ միասին։