Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Մենք ամենքս...-գոռացին միաբերան հայ կտրիճները և նրանց ձայնի արձագանքը որոտաց հեռավոր լեռներում։

-0՛ն, ուրեմն, հառա՜ջ,-գոչեց թագավորը և սուրը հանելով դիմեց թշնամու կողմը։

Հեծելազորը հետևեց նրան:

Ապստամբներից մի խումբ հառաջացեք էր արդեն մինչև հորի բերանը և դիտում էր հեռվից արքայական բանակի շարժումը։ Երբ նա` հեծյալների այս գունդը տեսավ, սկսավ դեպի կրճի ներսը նահանջել։

Թագավորը յուր զորքով հասավ նրա ետևից ինչպես մի փոթորիկ և ընդհարվեցավ հետը, կրճի մեջտեղը։ Արքայի նպատակն էր հանկարծակիի բերելով` փախուստ դարձնել այդ խումբը և այդպիսով շփոթել կրճի բերանը փակող զորքերին։ Վանանդարիք ու տայացիք կռվել սկսան կատաղաբար։ Նրանք ձիաներով կոխկռտում և երկար նիզակներով շամփրոտում էին անզոր հետևակներին, որոնք կռվում էին միայն կարճ սրերով։ Ընդհարումը տևեց հազիվ կես ժամ, որովհետև արքայականների հարձակումն այնպես անակնկալ և բախումն այնքան զորավոր էր, որ ապստամբների խումբը երկար դիմադրել չկարողացավ։ Մի քանի տասնյակ զոհեր տալուց հետո նա թիկունքը դարձրեց և փախավ։ Արքայականները հաղթական աղաղակով սկսան հալածել նրանց։

Թվում էր, թե բախտը ժպտում է թագավորին։ Կրճի բերանը հասնելուց՝ փախստականները դեպի լեռան լանջերը ցրվեցան։ Արքայի հեծելազորն ընկավ նոր հանդիպող գնդերի վրա, որոնք արդեն շփոթված էին թե՛ փախստականների և թե՛ հալածողների աղաղակից, և սկսավ սաստկապես հարվածել նրանց։ Ընդհարումը երկար չէր տևելու. այդ գնդերը նույնպես փախուստ պիտի տային` մաքրելով կիրճը արքայական զորքի առաջ. բայց հանկարծ հասան այդտեղ սեպուհ Ցլիկ-Ամրամը և Գարդմանա Դավիթ իշխանը, նստած ամեհի նժույգների վրա և շրջապատված մինը` կատաղի սևորդիներով և մյուսը` հզոր գարդմանացիներով, որոնք և վայրկենապես կռվի կերպարանքը փոխեցին։ Ամրամ սեպուհը խրախույս կարդաց յուր քաջերին և սուսերամերկ ու սրարշավ ընկավ արքայական զորքի վրա։ Նրա ձայնը որոտում էր կրճի մեջ