Էջ:Muratsan, vol. 4.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կռիվներն արգելել, այժմ այլևս նահանջի մասին չէր ուզում լսել. պատերազմի աղմուկն ու արյան գոլոշին արբեցրել էին նրա հոգին։ Այդ վայրկենին նա չէր մտածում, թե կռվում է եղբայրների դեմ, այլ թե` պատժում է ապստամբներին, գահի և հայրենիքի թշնամիներին։ Ուստի որքան էլ յուր գունդը նվազ, որքան էլ հակառակորդը զորավոր, այսուամենայնիվ նրա անպարտելի հոգին չէր ընկճվում թվի մեծության առաջ։ Նա պաշտպանում էր յուր թագավորին, հայոց գահի վեհ պայազատին և այդ միտքն արդեն բավական էր, որ նրա սրտում առյուծ դարաներ։ Բայց երբ թագավորը հրամայեց նահանջել, նրա մարմնով տհաճության դող անցավ, հզոր բազուկը կարկամեց և արյունոտ սուրը կախվեցավ նրա ձեռքում ինչպես մի անզոր գործիք...: Նա մի ծանր հոգվոց հանեց, որ նման էր ավելի խուլ մռնչյունի, և հեծյալների ետևն անցնելով` հնչեցնել տվավ նահանջի փողը։

Արքայական զորքն սկսավ նահանջել, բայց քայլ առ քայլ և առանց թիկունք դարձնելու։ Երբ նրանք ձորամեջը հասան, նկատեցին, որ եգերագիք իջնում էին բերդից իրանց օգնելու համար։ Նիզակակից իշխանները թագավորի սկզբի հաջողությունը տեսնելով, որոշել էին վերջապես կատարել իրանց զինակցական պարտքը։ Բայց երբ արքայական զորքի նահանջը տեսան, կանգ առան լեռնալանջի վրա։ Այս հանգամանքը պատճառ եղավ, որ ապստամբները երկյուղ կրելով եգերացիների հարձակումից, ետ քաշվեցան կռվից, և արքայական գունդը, որ բավական նվազել էր, բանակատեղը դարձավ առանց դժվարության։

-Մենք գալիս ենք ձեզ օգնելու, տեր արքա,-ասաց եգերացիների առաջնորդը, երբ թագավորը լեռնալանջը հասավ։

-Իզուր նեղություն պիտի կրեիք, իշխան. եգերացի քաջերի համար կռվելու տեղ չէր լինիլ կրճում,-պատասխանեց թագավորը դառնությամբ։

-Բայց մենք մեր պարտքը պիտի կատարեինք։ Մենք ուշացանք միայն մեր գնդերը կարգավորելու պատճառով։

-Եվ դուք ուշանալով անօգուտ գործ չարիք. դուք