փրկեցիք ձեր զորքի պատիվը` հեռացնելով նրան մեր ամոթահար պարտության մասնակցելու դժբախտությունից։
Այս ասելով թագավորը հեռացավ իշխանից` հեգնական ժպիտը շրթունքներին։
Առաջնորդ եգերացին նայեց նրա ետևից վայրենի հայացքով և կարի զայրացած` յուր վրանը դարձավ։
Բաժանման ոգին, որ հետևում է, առհասարակ, ամեն անհաջողության, լուծել էր արդեն թագավորի և յուր նիզակակիցների միությունը։ Եգերացի իշխանները, որոնք սկզբում սիրով անսալով Կոստանդին թագավորի հրամանին` եկել էին Աշոտ արքային օգնելու, և այդ արել էին միայն երկու ազգերի դաշնակցությունը հարգելու մտոք, այլև փայլուն հաղթություն և հարուստ ավար ձեռք բերելու հուսով, այժմ արդեն հուսահատ և սրտաբեկ քաշվել էին իրանց առաջնորդի վրանը և խորհում էին բաժանման կամ փախուստի վրա։
Եվ ուրիշ ի՞նչ կարող էին մտածել այդ օտարականները, քանի որ նրանց հրապուրողը եղել էր ոչ թե հայոց գահը անսասան պահելու նախանձախնդրությունը (որ չէր էլ կարող լինել), այլ լոկ անձնական շահը, ավարներով հարստանալու ցանկությունը։ Բայց շահու և ավարի փոխարեն այժմ սպառնում էր նրանց անխուսափելի կոտորած կամ սովատանջ մահ։ Բացի այդ, զորքի մեջ նույնպես սկսվել էր տրտունջ։ Թեպետ նրանք ունեին մի քանի օրվա ուտեստ և կարող էին տանել մի շաբաթվա պաշարման, բայց վատթարն այն էր, որ ջուր չունեին։ Ծարավը հետզհետե տանջում էր թե՛ իրանց և թե ձիաներին։ Այդ ծանրությանը տոկալ չէր կարող զորականը։
Այս պատճառով ահա, գունդագունդ գալիս, խռնվում էին նրանք իշխանական կացարանների առաջ և պահանջում` որ կամ հրաման տան իրանց զինաթափ լինելու և բանակից հեռանալու և կա՛մ հնար ցույց տան ջուր հայթայթելու։
Երկար խորհրդակցությունից հետո եգերացոց իշխանապետը որոշեց դիմել թագավորին և խնդրել նրանից, որ գործելու ճանապարհ ցույց տա իրանց։
Նա վերցրեց ընկեր իշխաններին և նրանց հետ միասին մտավ թագավորի վրանը հենց այն միջոցին, երբ վերջինս նստած յուր երկու հավատարիմների, այն է` Գևորգ