Բայց իշխանների խմբից առաջ անցավ մի երիտասարդ և խոսեց.
-Տեր արքա, զինվորականը նվաստանում է ոչ միայն այն ժամանակ, երբ միայն թերանում է քաջության մեջ, այլև այն ժամանակ, երբ թերանում է անկեղծության մեջ։ Ուստի աղաչում եմ չվշտանալ՝ եթե համարձակվեմ անկեղծորեն խոստովանել մի ճշմարտություն, որի ծածկելը, ըստ իմ կարծյաց, հավասար է դավաճանության։
-Խոսի՛ր,-ասաց թագավորը։
-Մենք եկել ենք քեզ օգնելու մեր արքայի հրամանով և մեր պարտքը կկատարենք, եթե հնար ունենայինք։ Բայց բախտը կամ գուցե մեր անհեռատեսությունը փակել է մեզ այժմ մի գառագղի մեջ, որից ազատվելու ոչ մի հնար չունինք: Ծարավը տանջում է բազմամբոխ զորքին, թշնամու սուրը սպանում է ամենքին։ Կռվել չենք կարող, որովհետև ասպարեզ չկա. ելնել չենք կարող, զի՝ ճանապարհ չունինք. իսկ մեռնել մենք, իհարկե, չենք կամենում։ Ի՞նչ է մնում մեզ անել եթե ոչ զինաթափ լինել և փրկել մեր անձը մեր ընտանյաց համար...
-Փրկել ուրեմն անպատվության գնո՛վ,-ընդհատեց թագավորը իշխանին։
-Դրանից մեզ անպատվություն չի կարող հասնել։ Մենք հյուր ենք ձեր երկրում և պիտի կռվեինք ձեր մեծափառության համար։ Հետևապես, ո՛չ հաջողության փառքը և ոչ պարտության վնասը մեզ չի վերաբերում։
-Ուրե՞մն...
-Ուրեմն կա՛մ պիտի ճանապարհ ցույց տաք մեզ՝ մեր պատվավոր պարտքը կատարել կարողանալու համար և կա՛մ պիտի համաձայնիք մեզ հետ զենքերը թշնամուն հանձնելու։
Թագավորը հառեց աչքերը երիտասարդ իշխանի վրա և ապա սկսավ յուր շուրջը դիտել։ Ամենքը լուռ էին և սպասում էին նրա պատասխանին։
-Դուք եկել եք այստեղ ձեր թագավորի հրամանով և եգերական դրոշակով,-սկսավ խոսել արքան մեղմ ու հանգիստ ձայնով։ -Եկել եք հայոց թագավորին օգնելու,