Մարզպետունու և Վահրամ սեպուհի հետ, խորհուրդ էր անում։
-Զորքի մեջ, տեր արքա, սկսվել է տրտունջ, որ հետզղհետե ավելացնում և սպառնական կերպարանք է առնում, ինչպե՞ս կհրամայեք գործել դրա դեմ,-հարցրեց իշխանապետրը թագավորին։
-Անշուշտ տրտնջում են եգերացի զորականները, այնպես չէ՞,-հարցրեց թագավորը։
-Այո՛ , տեր արքա։
-Ի՞նչ է նրանց պահանջը։
-Ամենահասարակ, ամենաբնական պահանջ։
-Այսի՞նքն։
-Ջուր են խնդրում, տեր արքա, և կամ...
-Եվ կամ ի՞նչ։
֊Եվ կամ հրաման, որ զենքերնին հանձնեն թշնամուն և ազատ ելնեն այս բանտից։
Թագավորը յուր հայացքը սևեռեց իշխանապետի աչքերին և մի վայրկյան լուռ նայելուց ետ ասաց.
-Զորքի պահանջն անբնական է և անարդար։
-Ինչպե՞ս, տեր արքա, մի՞թե մարդիկ իրավունք չունին ջուր խմելու,-հարցրեց իշխանապետն այնպիսի մի ժպիտով, որի մեջ նշմարվում էր և՛ զարմանք, և՛ հեզություն։
-Ո՛չ,-պատասխանեց թագավորը խիստ ձայնով։
Իշխանները աչքերնին սևեռեցին արքայի վրա։
-Գուցե ձեզ զարմացնում է իմ պատասխանը,-ասաց թագավորը,-բայց ես զարմանալի ոչինչ չասացի։ Ո՛վ որ անջրդի տեղը ջուր է պահանջում, անբնական պահանջ անում. ո՛վ որ զինաթափության գնով ազատություն է որոնում, կարի նվաստագույն գործ է կատարում։
-Ի՞նչ անենք ուրեմն. կոտորվի՞նք. ավելի լավ չէ՞ նվաստանալ՝ քան մեռնել։
-Ոչ, ավելի լավ է մեռնել, քան նվաստանալ, պատասխանեց թագավորը ծանրությամբ։
Մի վայրկյան լռություն տիրեց։ Արքայի պատասխանը տպավորություն արավ իշխանապետի վրա. նա գլուխը կախեց և սկսավ մտածել։