թագավորից: Նրան հարկավոր է անշուշտ իմ անձը... Այժմ ուրեմն հանելուկը լուծվում է։
-Քո ա՞նձը, տեր արքա. ի՞նչ թշնամություն ունի Ամրամը քո անձի հետ,-զարմացած հարցրեց Վահրամ սեպուհը։
Թագավորը կարծես շփոթվեցավ։ Նա զգաց յուր խոսքերի անպատեհությունը և աշխատեց խույս տալ բացատրություններից։
-Այդպես ուրեմն, մեր փոքրիկ գունդը նույնպես փրկված է։ Ինձանից հետո թշնամին հանգիստ կթողնե թե՛ նրան և թե՛ եգերացիներին,-ասաց թագավորը, առանց Վահրամի հարցին պատասխանելու։
Գևորգ իշխանը թագավորի խոսքը չհասկացավ. ուստի խնդրեց բացատրել իրան, թե ի՛նչ է կամենում անել։
-Այս գիշեր ես պիտի հեռանամ այստեղից,-ասաց թագավորը։
-Դո՞ւ, միայնա՞կ,-հարցրեց իշխանը։
-Այո՛։
-Ի՞նչ ճանապարհով։
-Եգերացոց պահանորդ գնդերի և թշնամու բանակի միջով։
Սեպուհն ու իշխանը զարմացած աչքերնին հառեցին թագավորի վրա։
-Պիտի հասկացնեմ եգերացոց ու սևորդյաց իշխաններին, որ Աշոտ-Երկաթին բռնելն ու Ցլիկ-Ամրամին հանձնելն իրանց ուժից մեծ գործ է։
Իշխանի սիրտն ուրախացավ, իսկ սեպուհի խոշոր դեմքի վրա փայլեց գոհության ժպիտ։
-Ես մինչև այժմ հավատարիմների ապահովության համար էի մտածում,-շարունակեց թագավորը, -բայց այժմ տեսնում եմ, որ հենց իմ անձն է եղել նրանց վտանգողը։ Ես, ուրեմն, կհեռանամ այստեղից, որպեսզի ձեր ճանապարհի արգելքը վերացվի։
-Դու հեռացիր միայն քո թանկագին անձը փրկելու համար, որովհետև աշխարհն սպասում է յուր թագավորին։ Իսկ մենք կարող ենք մինչև անգամ մեռնել, հայոց երկիրը շատ