Էջ:Muratsan, vol. 4.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա մերձավորները, որոնք հոգում էին նաև իրանց ապահովության համար։ Նրանք գիտեին, որ հագարացիք Այրիվանքը գալով ամեն ինչ պիտի ավերեն և գուցե սրի անցընեն միաբանությունը և ահա այդ պատճառով աշխատում էին հեռացնել այդտեղից կաթողիկոսին, որպեսզի իրանք էլ նրա հետ հեռանային։

Երբ երեկոյացավ, հայրապետը յուր հավատարիմներով իջավ Ներքին Վանք տաճարում աղոթելու և միաբաններին յուր հրաժեշտը տալու համար։

Տեղվույն վանահայրը խնդրեց այստեղ կաթողիկոսին հետաձգել յուր ուղևորությունը, գեթ մի ժամով, որպեսզի վերջին անգամ ընթրիք վայելե յուր միաբանության հետ։ Կաթողիկոսը սիրով համաձայնեցավ և սեղան նստավ վանքի միաբանական ուխտի հետ։

Ըստ սովորության` սեղանատան ամբիոնը բարձրացած կարդում էր սուրբ գիրքը Մովսես անունով մի երիտասարդ վարդապետ։ Նա ընթեռնում էր առաքելոց գործերը։ երբ ընթրիքը մոտեցավ յուր վախճանին, նա բացավ Հովհաննու ավետարանը և բարձր ձայնով կարդաց հետևյալը.

«Ես եմ հովիուն քաջ. հովիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց։ Իսկ վարձկանն, որ ոչ է հովիւ, որոյ ոչ իւր են ոչխարքն, իբրև տեսանէ զգայլն զի գայ` թողու զոչխարսն և փախչի. և գայլն յափշտակէ զնոսա և ցրուե։ Քանզի վարձկան է, և չէ փոյթ նմա վասն ոչխարացն...»։

Դեռ վերջին խոսքերը չէր արտասանել վարդապետը, երբ կաթողիկոսը ղենջակը ձգելով` այլայլված բարձրացավ աթոռից և բացականչեց.

-Օ՜ն և о՜ն, թե վարձկան լինիմ ես, ո՛վ Այրիվանից հարք։ Գայլից փախչում էի, այո՛, բայց ոչ թե ձեզ նրա ձեռքը մատնելու, այլ ինձ հանձնված սրբություններն ազատելու համար։ Որովհետև այդ զգուշությունը վարձկանի անուն պիտի վաստակե ինձ համար, ապա ուրեմն այս վայրկենից իսկ թողնում եմ ես այդ սրբությունները բախտի կամքին և հանձնում եմ այն ձեր երաշխավորության։ Ես այլևս չեմ հեռանում այս ուխտից։

Բարի վանահայրը, որ երիտասարդ վարդապետի կողմից