Էջ:Muratsan, vol. 4.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց որովհետև ժամանակը չար էր, և շարունակ լուրեր էին հասնում, թե այս ու այն բերդը գրավվել է թշնամուց բերդակալի թուլությամբ կամ պահնորդների մատնությամբ, ուստի թագուհին, որքան էլ որ մեծ հավատ ուներ Մուշեղի վրա (որ հենց յուր հավատարմության շնորհիվ էլ արժանացել էր այդ բարձր պաշտոնին), այնուամենայնիվ, որպեսզի գիշերը հանգիստ քուն վայելե, կարգադրել էր, որ ամրոցի դռները փակելուց հետո բանալիները դղյակ բերվեն։

-Դու կամենում էիր, որ մինչև Վեհի գալը բանալիները քեզ մոտ լինեին,- հարցրեց թագուհին բերդակալին:

-Այո՛, մեծափառ տիկին։

-Ինչո՞ւ։

-Որպեսզի գիշերանց բանալիներն ստանալու պատճառով թագուհու քունը չխանգարեի։

-Իսկ դու չգիտե՞ս, որ բերդի դռները բացվելիս թագուհին քնած լինել չէ կարող։

-Այդպես է, մեծափառ տիկին, ներիր քո ծառայի միամտությունը։

-Միամտությունը հանցանք չէ, իմ բարի Մուշեղ, բայց թուլություն է։ Իսկ մենք չար ժամանակում ենք ապրում և ամեն մի քայլերնիս զգուշությամբ պիտի փոխենք։ Ո՞ր ժամին պիտի գա Վեհը:

-Պատվիրակը ժամը չորոշեց, այլ հայտնեց միայն, որ պիտի հաճի ժամանել այս գիշեր, և խնդրեց, որ ամրոցի դռները բանալու պատրաստ գտնվինք։

-Իսկ դու չե՞ս կարողանում նրա գալստյան պատճառը գուշակել:

-Անշուշտ նա գալիս է թագուհուն այցելելու։

-Բայց ինչո՞ւ գիշերանց։

-Նորին սրբությունը շատ անփառասեր է. նա փախուստ է տալիս հանդիսավոր ընդունելությունից և ժողովրդյան ցույցերից։

Այս միջոցին կրկին ներս մտավ սենեկապանը և հայտնեց, որ Գոռ իշխանը ցանկանում է ներկայանալ թագուհուն:

-Թող գա,- ասաց թագուհին ժպտալով, և նրա դեմքն ուրախ արտահայտություն ստացավ։