Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարզպետունի իշխանուհին սկսավ ծիծաղադեմ դեպի դուռը նայել։ Զվարթ արտահայտություն ստացան նաև օրիորդ նաժիշտների և դայակի երեսները։ Երևում էր, որ ներս մտնողը բոլորին էլ սիրելի մի անձնավորություն էր։

Եվ, ահա՛, ներս եկավ քսանամյա մի պատանի. բարձրահասակ, գեղեցկադեմ, վառվռուն աչքերով, համակ զրահազգեստ, ոսկեզարդ սուրը մեջքին, նույնպիսի բազպաններ ու սռնապաններ հագած, և փայլուն սաղավարտը ձեռին։

Ժպտալով նա մոտեցավ թագուհուն և համբուրեց նրա ձեռքը։ Ապա մոտեցավ յուր մորը` Մարզպետունի իշխանուհուն, համբուրեց նույնպես նրա աջը և կանգնեց բերդակալի կողքին։

-Ամեն անգամ, երբ քեզ տեսնում եմ, Գո՛ռ, ինձ թվում է, թե կա՛մ պատերազմ ես գնում, կա՛մ ճակատամարտից վերադառնում։ Ինչո՞ւ միշտ զրահազգեստ ես,-հարցրեց թագուհին ժպտադեմ։

֊Այդպես պատվիրել է ինձ իմ հայրը, մայր֊թագուհի։

-Բայց այս ժամի՞ն... փակված ամրոցո՞ւմ, թագուհու դղյակի մե՞ջ... Մի՞թե կարիք կա։

-Ամեն վայրկյան պատրաստ պիտի լինեմ դիմագրավելու։ Ո՞վ գիտե, գուցե հենց այստեղ, դղյակի դստիկոններից մինում, թաքչող մի ապիրատի հետ պետք է լինում մենամարտել։

-0՜, վտանգավոր մարդ ես դու, Գո՛ռ իշխան,- նկատեց թագուհին։

-Իմ թագուհու և թագավորի թշնամիների համար:

-Որոնց երևի դու չես ճանաչում:

-Եվ որոնց երբեք չէի կամենալ տեսնել այս դղյակում:

Մարզպետունի իշխանուհին, որ մայրական խանդով լցված նայում էր որդուն, նրա վերջին խոսքից հրճվեցավ. իսկ թագուհին ուրախ֊ուրախ ծիծաղեց։

-Բայց գիտե՞ս, սիրելիս, որ այդպիսի մի թշնամի գտնվում է այժմ մեր դղյակում,-ասաց թագուհին կեղծ լրջությամբ։

-Անունը,-եռանդով հարցրեց Գոռը։