Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զարմացման բացականչություններ էին, որ լսվում էին չորս կողմից։

Հանկարծ Դռան եպիսկոպոսն առաջ գալով բարձրաձայն աղաղակեց.

-Վեհափառ տեր. աստված ահա՛ բացահայտ կերպով ցույց է տալիս յուր կամքը Այրիվանից ուխտին, որ ցանկացավ պահել քեզ յուր մոտ և յուր գրկում պատսպարել հայ եկեղեցվո սրբազան հարստությունը։ Դու չընդդիմացար և ասացիր. «Եթե աստծուն հաճելի լինի իմ հեռանալը, նա պայծառ արևի ժամանակ էլ գիշեր կստեղծե ինձ համար»։ Եվ ահա՛ աստված լսեց քո խոսքը, նրա ամենակարող աջն սկսեց ստեղծել ցանկալի գիշեր, խավարելով տվնջյան պայծառ լուսատուն։ Նա ուրեմն կամենում է, որ դու հեռանաս այս ուխտից և քո անձն ու հայրապետական սրբությունները փրկես վերահաս վտանգից։ Հեռացի՛ր, Վեհափառ տեր, հեռացիր այստեղից, որովհետև այդ է աստուծո անքննելի կամքը։

-Հեռացի՛ր, հեռացի՛ր, մենք օրհնում ենք քո ճանապարհը,-գոչեցին ամեն կողմից միաբանները։

-Հնազանդվում եմ աստուծո կամքին,-ասաց կաթողիկոսը և ծունկ չոքելով սկսավ աղոթել։

Բոլոր միաբանությունը հետևեց յուր հայրապետի օրինակին։

Երբ արևի խավարումն անցավ, նրանք ջերմեռանդ սրտով թափորի կարգը շարունակեցին և ավարտելով վերադարձան տաճարը։

Այստեղ Մովսես վարդապետը, որ ընթրիքի ժամանակ կարդացել էր Հովհաննու ավետարանը և դրանով կաթողիկոսի ուղևորության արգելք դարձել, սարսափահար ու վշտաբեկ եկավ ընկավ հայրապետի ոտքերը` թողություն խնդրելու։