թշնամու բռնություններն իրանց վրա դարձնելով` ազատեին վանքը նրա բարբարոսություններից։
Մնացողների թվումն էր և երիտասարդ Մովսես վարդապետը, որ փախչողներին ու թաքչողներին զանազան ճանապարհներ ու թաքստյան վայրեր ցույց տալուց և նրանց տեղավորելուց ետ, վերադարձավ վանահոր և նրա ընկերների մոտ, գալիք հարվածներից յուր բաժինն ստանալու համար։
Երեկոյան դեմ գուժկան հասավ վանքը` թշնամիների հարձակման լուրը գուժելու։
-Ոստիկանը մի քանի գունդ զորք ճանապարհեց այստեղ կաթողիկոսին կալանավորելու և միաբանությունը սրի անցնելու համար,-ասաց նա վանահորը.-կաթողիկոսարանի վերակացուն ղրկեց ինձ այս տխուր նորությունը ձեզ հաղորդելու համար
-Աստված երկնքից ավելի շուտ լուր հասցրեց մեզ, որդի,- պատասխանեց վանահայրը,- կաթողիկոսը և միաբանության մեծ մասն ազատված են արդեն, իսկ մենք մնացինք այստեղ վանքի դռանը մեռնելու համար:
Գուժկանի հեռանալուց ետ վանահայրը ժողովեց յուր հետ եղողներին և մտավ տաճարն աղոթելու և հսկումն կատարելու համար:
Նրանք դեռ ծնկաչոք աղոթում էին, երբ մի զարհուրելի աղաղակ վիմափոր տաճարի կամարները թնդացրեց։
Վանահայրը վեր թռավ տեղից և մեղմ ձայնով Քրիստոսի խոսքերն արտասանեց.
-«Արիք, երթացուք, զի հասեալ է ժամ...»։-Եվ նա այլևս չկարողացավ շարունակել, բայց առաջացավ խրոխտ քայլերով։
Բոլորը հետևեցին նրան։ Երբ տաճարի գավիթը հասան, նա նորեն դարձավ միաբաններին և հուզված ձայնով ասաց.
-Մենք նվիրված ենք մեր ժողովրդի և այս սուրբ տաճարի սպասավորության և դրա համար ուխտ ունինք դրած նախ աստուծո և ապա մարդկանց առաջ, այդ ուխտին դրժելու իրավունք չունինք. գնանք ուրեմն դեպի զոհի այն սեղանը, որի ողջակեզը մեր անձը պիտի լինի, գնանք ուրախ և