Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անտրտունջ և հավատանք, որ զոհելով մեր կյանքը այս անցավոր աշխարհում, պիտի վերստանանք նրան անանց և հավիտենական թագավորության մեջ։

-Գնա՛նք մեր սրբազան պարտքը կատարելու,-հարեց եռանդով Մովսես վարդապետը։-Մենք ոչինչ չենք զոհում այստեղ և ոչինչ էլ չենք կորցնում։ Վաղ թե ուշ պիտի մեռնեինք. հավիտենական չէր լինելու մեր կյանքը։ Օրհնենք աստծուն, որ արժանի արավ մեզ շահավոր կերպով մեր մահկանացուն կնքելու։ Եթե այս տաճարի հիմքերը մեր արյամբ ներկելով ավելի պիտի ամրանան, եթե գալոց սերունդները` շեն գտնելով այս կամարները` պիտի աղոթեն նրանց մեջ և այդ աղոթքը երկնքից պիտի իջեցնե հայ երկրի վրա հավիտենականի օրհնությունը, ապա ուրեմն երջանիկ ենք մենք, որ դարձանք «ընտրության անոթ» և այս անցավոր աշխարհում ապրեցինք ավելի իմաստնաբար` հավիտենական բարիքը անցավորից գերադասելով:

-Գնա՛նք, գնա՛նք, թշնամին մեզ չի ահաբեկիլ. գնա՛նք մեր պարտքը կատարելու,- բացականչեցին մյուս վարդապետները և խմբովին բակը դուրս եկան։

Հագարացիք հասել էին արդեն վանքի պարիսպներին և շրջապատել նրան։ Դռները փակ գտնելով` նրանք զայրացել, կատաղել էին։ Այդպիսի հանդգնություն չէին սպասում մեկ խումբ հոգևորականներից։ «Ուրեմն այդտեղ պաշտպանող զորքեր կան», մտածում էին նրանք և իրանց գոռում-գոչումով վանքի այրերը թնդացնում։ Նրանք հրամայում, հայհոյում, սպառնում էին։ Ահագին ժայռեր գալիս, զարկվում էին պարսպապատի դռանը` նրան ջախջախելու համար։ Քարագնացները վանքի ետևից բարձրացող ժայռերի վրա ելնելով քարեր էին գլորում այդտեղից, իսկ նախահարձակները պարսպին սանդուղքներ հենելով` պատրաստվում էին ելնել նրանց վրա կամ իջնել վանքի բակը։

Վանականների խմբակը կանգնած էր այդտեղ անզեն, անպաշտպան, ինչպես անմեղ էրեների մի խումբ` արյունռուշտ որսորդներով ու բարակներով շրջապատված։ Հրոսակների վայրենի աղաղակները և երկաթապատ դռան բոմբյունը դող ու թունդ էին հանում նրանց սրտերը. և որքան էլ նրանք