Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատրաստված` կամակոր հոգով իրանց անձը զոհելու, այսուամենայնիվ նրանք դողում, սարսափում էին. մսից ու արյունից կազմված մարդն ընկճվում էր նրանց մեջ. բնազդումը գործում էր ավելի, քան հոգեկան կորովը. և նրանցից ամեն մինն աղոթում էր աստծուն` անցընել իրանից դառնության այդ բաժակը։ Միայն Մովսես վարդապետը կարծես խլացել, անզգայացել էր. զորքի աղաղակը, դռան ճարճատյունը, լեռնալանջից գլորվող քարերը նրան ո՛չ շփոթում, ո՛չ սարսափեցնում էին. նա անվրդով նայում էր այդ ամենին. կարծես սպասելով, որ հասնե շուտով կատարման ժամը։

-Մենք իզուր ենք կատաղեցնում այդ մարդկանց,-դարձավ նա վանահորը.-ավելի լավ է բանանք պարսպե դռները և ընդունենք նրանց. վաղ թե ուշ պիտի ներս խուժեն նրանք։

-Ոչ ոչ. գուցե աստված դեռ կամենում է մեզ փրկել, գուցե անցնում է փորձության ժամը...-պատասխանեց վանահայրը, որ երկյուղից գունաթափվել էր արդեն։

Այդ ժամանակ պարսպի և աշտարակների վրա բարձրացան զորքերը և զարմանալով տեսան, որ բակի մեջ կանգնած էին միայն մի խումբ վանականներ։ Չկային այդտեղ դիմադրող զորքեր և ոչ էլ կռվի կամ պաշտպանության պատրաստություն։ Այդ անակնկալ հայտնությունն իջեցրեց նրանց կատաղության եռանդը։ Մի քանիսը միայն իրանց սվինները ձգեցին դեպի խմբակը, այն էլ կարծես ոչ թե հարվածելու, այլ վանականներին վախեցնելու համար։

Բայց երբ պարսպապատի դուռը ժայռերի հարվածին չդիմանալով ահագին ճարճատյունով գլորվեցավ-ընկավ և զորքը բարձրագոչ ներս խուժեց բակը, վանականները խմբով փախան դեպի գավիթը։

Վայրենի հրոսակներն ընկան նրանց ետևից և մի ակնթարթում շրջապատեցին բոլորին։ Սրերն ու սվիններն սկսան շողալ։ Մի վայրկյան ևս` և ամենքը պիտի ջնջվեին։ Բայց խմբապետերից մինն առաջ անցնելով զորավոր ձայնով գոռաց.

-Ոչ ոքին չսպանեք. այս է զորապետի հրամանը։