Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Կյանքը երևի շատ է ձանձրացրել քեզ, թշվառական:

-Ոչ միայն ձանձրալի է, այլև նվաստացուցիչ է այն կյանքը, որ մարդ վայելում է յուր թշնամու առաջ խոնարհելով. մահն այդպիսի կյանքից ավելի գերադաս ենք համարում մենք։

-Հրամայեցե՛ք, տեր, որ այս ապերասանի կառափը ջախջախեմ,-գոռաց մի զորական, սուրը երիտասարդ վարդապետի գլխին շողացնելով։

-Թո՛ղ միայն դա ապրի յուր ընկերներից, որպեսզի կյանքի նվաստություններից չարաչար տանջվի,-պատասխանեց զորապետը և ապա վանահորը դառնալով հարցրեց,-որտե՞ղ են գտնվում ձեր վանքի և կրոնապետի գանձերը։

-Մենք գանձեր չունինք,-պատասխանեց վանահայրը։

-Մի՛ համարձակվիր ստել իմ առաջ։

-Ես չեմ ստում, ոչ թե նրա համար, որ վախենում եմ, այլ որ մեր կրոնն արգելում է այդ։ Մենք գանձեր չունինք, որովհետև անապատականներ ենք. իսկ անապատականը սեփականություն չի կարող ունենալ։ Մենք պահպանում ենք միայն մեր ժողովրդի մեզ տված ավանդները և այն գործադրում ենք դարձյալ նրա օգտին, երբ կարիքը պահանջում է։

-Դե՛հ ուրեմն, հայտնի՛ր ինձ այդ ավանդների տեղը,- հրամայեց զորապետը։-Ես իրավունք չունիմ,- պատասխանեց վանահայրը։

-Ես հրամայում եմ քեզ։

-Ես պիտի անսաստեմ քո հրամանին։

-Կապեցեք դրանց բոլորին և ձգեցեք մի անկյուն,-հրամայեց զորապետը.-իսկ դուք մտեք սրանց կացարանները, աղոթարաններր, պտրեցեք, որոնեցեք ամեն տեղ, քրքրեցեք ամեն անկյուն, հանեցեք ծածկած իրերը, դուրս քաշեցեք թաքնվածներին։

Զորապետը դեռ չէր ավարտել յուր խոսքը, որ զորքերն իրար անցան։ Կարծես ոսկե բեռներ հափշտակելու հրաման տրվեցավ իրանց։ Բայց Բեշիրը թույլ չտվավ, որ ամեն ցանկացող ներս մտնե վանքը։ Նա գիտեր, որ զորականը խիղճ