Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու օրենք չունի. հետևապես գտած թանկագին իրերը պիտի ծածկեր և սեփականեր։ Ուստի ընտրեց մի քանի խումբ խուզարկուներ և նրանց ուղարկեց դեպի ծածկարանները։

Զորքերը խուժեցին վիմափոր տաճարը, փոքրիկ մատուռները, միաբանական խուցերը. ելան լեռան լանջերում փորված այրերը, միով բանիվ` թափանցեցին ամեն տեղ, ուր որ մի ծածկված հարկ կամ գաղտնի անկյուն գտան։ Նրանք տենդային եռանդով խուզարկում էին այդ տեղերը, քրքրում էին ծակամուտները, փորում էին գետինը, թափում էին փայտերի կույտը կամ ցրում աղբյուրը, կարծելով թե նրանց տակ թաղված պիտի գտնեն մեծամեծ գանձեր։ Բայց երբ մեծագին ոչինչ չգտանք դուրս բերին և Ժողովեցին բակի մեջ եկեղեցու հասարակ շապիկներ, փիլոններ, զանազան հնոտիք և խուցերից հավաքված ցնցոտիներ ու կարպետներ։

Բեշիրն այդ տեսնելով սկսավ կատաղել։ Խուզարկուները մինչև անգամ չէին գտել վանքի մեջ գործածվող պղնձեղենը, որ, յուր իմանալով, ահագին քանակության էր հասնում։ Հարուստ Այրիվանքում, ուր մի քանի հարյուր միաբաններ կային, ուր ինքը կաթողիկոսն էր ապրել, չգտան մինչև և անգամ մի պղնձե գավաթ, մի սկուտեղ։ Բակի մեջ ընկած էին միայն մի քանի հատ փայտյա խաներ, ափսեներ և հողե ամաններ։

-Եվ այդպես, դուք ուրեմն ամեն ինչ ծածկել եք,-զայրացած հարցրեց զորապետը դիմելով վանահորը։

-Ծածկել ենք այն ամենը, ինչ որ այս մենաստանին և ոչ թե ձեզ է պատկանում,-պատասխանեց ծերունին։

-Այս րոպեիս պիտի հայտնես տեղը, գարշելի ծերուկ,-գոռաց Բեշիրը և մտրակի ծանր հարված իջեցրեց վանահոր գլխին։

Արջառի ջիղը, որից հյուսած էր մտրակը, գալարվելով դիպավ ծերունու դեմքին, որից նրա գալկահար երեսի վրա կապեց գորշ-կապույտ պալար։ Ծերունին երերաց և հենվեցավ եկեղեցու պատին։

Մի երիտասարդ աբեղա սաստիկ գրգռվելով այդ բանից, առաջ անցավ և աներկյուղ ձայնով գոչեց.

-Դո՛ւ, որ զառամյալ ծերունուն խնայելու չափ խիղճ