Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անխիղճ զորքերը քաշկոտեցին միաբաններին այս ու այն կողմը։ Նրանցից մինին ծառի վրա պրկելով սկսան հարվածել, մյուսին ձիու պոչից կապելով, քաշքշեցին գետնի վրա, երրորդին մերկացնելով` սկսան խարաններով այրել, չորրորդի մարմինը սվիններով ծակծկեցին, հինգերորդինը` աքցաններով պոկեցին, և այլն, և այլն։ Բայց և այնպես արիասիրտ միաբաններից ոչ ոք հանձն չառավ զորապետի հրամանը կատարելու։

Այն ժամանակ Բեշիրը նորեն եկավ տանջվողների մոտ տեսավ թե ինչպե՛ս տված չարչարանքներն արյունոտել, այլանդակել էին թշվառ զոհերին. կարծես խիղճը զարթեցավ բարբարոսի մեջ և նա հրամայեց, նրանց տանջանքները կարճելու համար, միանգամից սրի անցընել բոլորին:

Զորապետի հրամանը մի ակնթարթում կատարվեցավ. բոլորին էլ միանվագ գլխատեցին։ Կենդանի մնաց միայն Մովսես վարդապետը, որին Բեշիրը, ըստ յուր խոստման հրամայեց ողջ պահել, որպեսզի նա յուր վերքերից տանջվի շարունակ։ Բացի այդ, զորապետը հրամայեց նրան շտապել Գառնի և խարաններով ու աքցաններով կեղեքված յուր մարմինը կաթողիկոսին ցույց տալով հայտնել նրան, որ իրան էլ զորապետը այդ օրին պիտի հասցնե, եթե յուր կամքով չկամենա Դվին վերադառնալ և ոստիկանին հնազանդություն երդվել։

Այնուհետև Բեշիրը հրամայեց զորականին ավերել վանքը, չթողնելով այդտեղ նույնիսկ խեցիի մի կտոր:

Զորքերը հափշտակեցին ինչ որ գտան. թե՛ հավաքած իրեղենները, թե՛ հավ ու ճիվը, թե՛ մեղվի փեթակները որոնք խիստ բազմաթիվ էին, եթե մինչև անգամ անասունների համար ամբարած խարն ու պաճարը։

Միաբանների նահատակությամբ զորքերը իրանց զրկանաց վրեժը հանած լինելով, ուրիշ ավերումներ չարին տաճարի կամ մատուռների մեջ։ Այդպիսով անապատականների անձնվիրությունը յուր օգուտը բերավ։ Այրիվանից ճարտարապետական բարեզարդությունը մնաց անաղարտ։