Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի քանի ժամից այստեղ հասավ Հովհաննես կաթողիկոսը։ Ամբողջ Գառնին յուր հոգևորականներով ընդառաջեց հայրապետին։ Մուշեղ բերդակալը, որ օգտվում էր ամեն դեպքից յուր հարգանքը վեհափառին ցույց տալու համար, դուրս հանեց մարտկոցներից ու աշտարակներից բոլոր ամրոցաբնակ զորքերը և կատարյալ սպառազինությամբ ու դրոշակներով տարավ նրանց կաթողիկոսի առաջ։ Թագուհին յուր իշխանուհիներով դիմավորեց հայրապետին ամրոցի դռների մոտ և նրա հետ միասին մտավ եկեղեցի:

Երբ կաթողիկոսը յուր աղոթքը կարդաց և մուտքի մաղթանքն ավարտեցին, թագուհին հրավիրեց նրան դղյակ, ուր հայրապետի և յուր հետևորդների համար պատրաստված էր օթևան։

Վեհափառի այցելությունն ուրախացրել էր գառնեցիներին. ժողովուրդը ցնծության մեջ էր։ Բայց դղյակում, ընդհակառակը, տխրել էին ամենքը։

Կաթողիկոսը հայտնել էր թագուհուն յուր գալստյան պատճառը։ Ոստիկանի Դվին հասնելու լուրը տարածվել էր դղյակի մեջ։ Ամենքն սկսել էին վախենալ և այս ու այն անկյունը ժողովված` խորհրդածություններ անել։ Իշխանուհիներին հուսադրում և սիրտ էր տալիս Գոռ իշխանիկը։ Եվ նրա խոսքերը, արդարև, հանգստացնում էին թե՛ հասակավոր տիկնանց և թե՛ դեռատի օրիորդներին:

-Գառնին չեն կարող գրավել ոչ միայն Նսըրի, այլև ամիրապետի զորքերը,-ասում էր նա նրանց։ -Եթե մեր պահակ գնդերը չկռվեն անգամ, դարձյալ Գառնո ամրուրթյունը կմնա անխախտ։ Թշնամին չի կարող վնասել նրա ժայռերին. իսկ Տրդատաշեն պարիսպներն ու աշտարակները կդիմադրեն թե՛ բաբաններին և թե՛ բաղիստրի ռումբերին։

Մուշեղ բերդակալը, սակայն, ավելորդ համարեց կանանաց զրույցներին մասնակցել։ Նա մինչև անգամ կաթողիկոսի մոտ չմնաց, թեպետև կցանկանար ամբողջ ժամերով կանգնել նրա առաջ և հայրապետի սուրբ խոսքերը լսել... Այդ, արդարև, մի մեծ բախտավորություն կլիներ նրա համար: Բայց նա պարտաճանաչ մարդ էր և գիտեր, որ իրավունք չունի յուր պարտքը զվարճության զոհելու։ Այդ