Էջ:Muratsan, vol. 4.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատճառով հենց որ նա վեհափառի բերած լուրն իմացավ, անմիջապես դեպի զորանոցները դարձավ և առանց մի վայրկյան դանդաղելու` սկսավ ամրոցը պաշտպանելու մասին հարկ եղած կարգադրություններն անել։

Նա ռազմագետ մարդ էր, և բազմամյա փորձառությունից գիտեր, որ թշնամին հասնում է շատ անգամ այնպիսի ժամանակ, երբ ոչ ոք չէ սպասում նրան։ Այդ պատճառով ցանկանում էր պատրաստել զորքը ժամ առաջ, որպեսզի հանկարծակիի գալով, վտանգի չենթարկե ամրոցը, որին ապաստանած էին այդ միջոցին հայոց երկրի ամենաթանկագին գլուխները,-թագուհին և կաթողիկոսը։

Նա զինավորեց բոլոր զորքը. բաժանեց նրանց զանազան խմբերի, որոնցից ոմանք պատնեշների, ոմանք աշտարակների և ոմանք պարիսպների վրա պիտի հսկեին կամ կռվեին։ Կազմել տվավ մի քանի կետերում ահագին քարակույտեր, որով պետք է պարիսպների վրա բարձրացող զորքը հարվածեին կամ նրանց սանդուղքները ջախջախեին։ Պատրաստեց մեծ քանակությամբ ճարպ, կպրաձյութ և ուրիշ դյուրավառ նյութեր, որոնցով պետք է պաշարողների վրա կրակ թափեին։ Միով բանիվ` հոգաց այն ամենը, ինչ որ կարևոր էր հանկարծահաս թշնամուն դիմադրելու կամ ամրոցի սահմաններից նրան հալածելու համար։

Բայց անցավ երկու օր և տակավին թշնամու հարձակման մասին լուր չեկավ բերդակալին։ Այդ հանգամանքը սակայն չթուլացրեց նրա եռանդը։ Գիշեր-ցերեկ նա զորքի հետ էր և շարունակում էր յուր պաշտպանողական պատրաստությունները։

Եվ ահա մի երեկո նա նկատեց մի խումբ հեծյալներ, որոնք իջնում էին Գեղա լեռան բարձրություններից։ Այդ նորությունը երկյուղ պատճառեց նրան։

«Թշնամին, ուրեմն, մի քանի կետերից է կամենում հարձակվել ամրոցի վրա», մտածեց նա և մարդիկ ուղարկեց շրջակաները լրտեսելու։

Բայց անցավ բավական ժամանակ և երևացող հեծելախմբին չհետևեց որևէ ուրիշ խումբ։ Հեծյալները հետզհետե առաջանալով իջան Ազատի ձորը և խոտորեցին դեպի Գառնի։