Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վիրավոր ու անկար վիճակին, սկսավ իրան հատուկ աշխույժով պատմել հագարացիների հարձակման և յուր ընկերների նահատակության բոլոր պատմությունը, չմոռանալով մինչև անգամ արի նահատակների մահվան ժամում արտասանած վերջին խոսքերը, որոնք հուզեցին բոլոր լսողներին։

Երբ վարդապետը յուր պատմությունն ավարտեց, Գևորգ իշխանը մոտենալով կաթողիկոսին` հայտնեց, թե առանձին խոսելիք ունի, ուստի և խնդրեց նրան` հեռացնել դահլիճից յուր հետևորդներին, բացի Դռան եպիսկոպոս Սահակ սրբազանից և Մովսես վարդապետից։

Վեհափառը կատարեց իշխանի խնդիրը։

Երբ ավելորդ անձինքը հեռացան, Գևորգ իշխանը վեր կացավ տեղից և թույլտվություն խնդրելով թագուհուց ու կաթողիկոսից` հետևյալը խոսեց.

-Այս հոգևոր հայրերը կատարել են այնպիսի մի գործ, որ մեզանից ոչ ոք իրավունք չուներ նրանցից պահանջելու։ Նրանք խմբովին մատնվել են թշնամու սրին, իրանց եղբարց կյանքն ու Այրիվանից սրբությունները պահպանելու համար։ Այս անզեն հոգևորականները ցույց են տվել աշխարհին բոլորանվեր անձնազոհության մի օրինակ, ապացուցելով, թե քաջ հովիվներ են և գիտեն «դնել զանձինս ի վերա ոչխարաց...։»: Այսպիսով նրանք բարձրացրել են հայ եկեղեցվո փառքն ու պատիվը, և հետևելով Ղևոնդյանց շավղին, դարձել են մեզ համար պարծանաց աստեղ... Այս բոլորը լավ. բայց մենք ի՞նչ ենք անում. մենք, ժողովրդյան առաջնորդներս. մե՛նք, որոնց ձեռքը աստված սուր է տվել և կառավարելու ու պաշտպանելու իրավունք։

Իշխանը նայեց կաթողիկոսին և ապա թագուհուն. նրանք երկուսն էլ հառած էին աչքերը յուր վրա։

-Մենք ոչինչ չենք անում,-շարունակեց նա եռանդով.-կամ անում ենք այն, ինչ որ ամոթ և նախատինք է բերում հայ անվանը։ Մենք քաշվել, նստել ենք մեր բերդերում, շրջապատել ենք մեզ պահակ գնդերով, ապահովել ենք թշնամու հարձակումից, իսկ ժողովուրդն ու եկեղեցիները թողել անտերունչ, անպաշտպան կամ ավելի ճիշտն ասած,