շտապել և մի վայրկյան առաջ տեսնվել կաթողիկոսի հետ։
-Ընդառաջեցեք,-ասաց թագուհին։
Բայց հազիվ թե իշխանն ու սեպուհը հասան դահլիճի դռանը և ահա՛ ներս մտան վեհափառի գավազանակիրը, ավագ սարկավագները, ապա ինքը կաթողիկոսը, Դռան եպիսկոպոս Սահակը և մի քանի ուրիշ վարդապետներ։ Դրանց հետ միասին գալիս էր և մի անապատական` դեմքն ու ձեռները արյունոտ, վիրակապերով փաթաթած և վեղարն ու քուրձը պատառոտած։ Նրա տխուր, գունաթափ դեմքը ծանր տպավորություն էր անում տեսնողի վրա։
-Այս ի՞նչ է,-բացականչեց Մարզպետունին և առաջ անցավ, կարծես կամենալով անապատականի մուտքն արգելիլ։
-Թո՛ղ դրան, իշխան, թո՛ղ որ թագուհին մեր թշվառությունը տեսնե,-արգահատական ձայնով խոսեց կաթողիկոսը։
-Այդ ի՞նչ է,-առաջ գալով բացականչեց թագուհին:
-Գազան հագարացիները Այրիվանքը քանդել, ավերել և միաբաններին զարհուրելի տանջանքներով նահատակել են։ Միայն սրան` այս ապաբախտ վարդապետին թողել են կենդանի, որ թե՛ յուր վերքերի ցավից տանջվի և թե՛ լուր բերելով մեր սիրտը կսկծեցնե,-խղճալի ձայնով հայտնեց կաթողիկոսը և աջը համբուրելու տալով թագուհուն և իշխաններին, բազմեց նախագահ աթոռի վրա:
-Ինչպե՞ս պատահեց այդ, ինչու՞ ոստիկանը բերդերը թողած` Այրիվանքի վրա է հարձակվում,-շտապով հարցրել Մարզպետունին։
Կաթողիկոսը չպատասխանեց. նա նայում էր թագուհուն, կարծես հուսալով, թե վերջինս ավելի անմեղ հարց կանե իրան:
-Ինչպե՞ս պատահեց այդ բոլորը, պատմիր,-դիմեց թագուհին վիրավոր անապատականին։
- Պատմի՛ր, Մովսես վարդապետ, պատմի՛ր մեծափառ թագուհուն գազանների բոլոր արարքը,-հրամայեց կաթողիկոսը, անհանգիստ շունչ քաշելով։
Մովսես վարդապետն առաջ անցավ և չնայելով յուր