Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճանապարհ դրավ նրան մինչև Ազատի կամուրջը, շատացավ միայն մի դիտողությամբ.

-Դու, որ այդքան հոգում ես քո անձի համար,-ասաց նա կաթողիկոսին-կփրկես միայն քեզ։ Իսկ կաթողիկոսական աթոռը ժառանգություն կմնա նրանց, որոնք կարող կլինի Հովհաննես կաթողիկոսը` բայց երբե՛ք Լուսավորչի:

-Ես հեռանում եմ միայն այդ աթոռը պաշտպանելու համար,-ասաց կաթողիկոսը։

-ՉԷ՛, վեհափառ տեր, այսուհետև քո պաշտպանածը կլինի Հովհաննես կաթողիկոսի` բայց երբե՛ք Լուսավորչի աթոռը։ Դու կորցրիր նրան այն օրից, որ հեռացար Դվինից:

Կաթողիկոսն, իհարկե, չհավատաց իշխանի գուշակության և յուր ճանապարհը շարունակեց։

Սևանում ընդունեցին նրան մեծ ուրախությամբ։

Բայց Գևորգ իշխանը վերադառնալով Գառնի, նորեն խորհուրդ կազմեց թագուհու մոտ։ Երկրի ճգնաժամն անցնելու միակ ելքը բաժանված իշխանները միացնելու մեջ էր գտնում. ուստի ինչ կերպ էլ որ լիներ` նա պետք է գլուխ բերեր այդ գործը։ Կաթողիկոսի վարմունքը ո՛չ միայն չհուսահատեցրեց, այլ, ընդհակառակը, ավելի ևս ոգևորեց նրան յուր մտադրությունն առաջ տանելու։

-Այժմ մենք պետք է մեզ վրա դնենք մեր հույսը,-ասաց նա յուր խորհրդակիցներին և որոշեց, որ թագուհին առաջվա նման մնա Գառնիում, որպեսզի արքունական տունը գոնե համարվի Ոստանում։ Այդ անհրաժեշտ էր միության գործի համար։ Որովհետև եթե իշխաններն իմանային, թե Ոստանը, որ երկրի սիրտն էր, ամբողջապես գտնվում է հագարացոց ձեռքում, այն ժամանակ հազիվ թե համաձայնվեին միանալ նրանց դեմ։

Ինչ վերաբերում էր իրան ու Վահրամ սեպուհին, որոշեցին` որ ինքը դիմեր Աբաս արքա եղբորը և Աշոտ սպարապետին, իսկ սեպուհը` Աղձնյաց ու Մոկաց իշխաններին։ Դրանց համաձայնությունն առնելուց ետ նրանք պիտի դիմեին նաև Վասպուրականի տերերին։

Կաթողիկոսի հեռանալուց մի օր հետո դուրս եկան