Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գառնիից Մարզպետունի իշխանը և Վահրամ սեպուհը, յուրաքանչյուրը թիկնապահների մի փոքրիկ խմրով և դիմեցին դեպի իրանց առաքելության վայրերը։

Գ

ՄԻ ԴԱԼԱՐ ԲՈՂԲՈՋ ՁՈՐԱՑԱԾ ԾԱՌԻ ՄՈՏ

Մարզպետունի իշխանի հեռանալուց հետո թագուհու վրա մի տարօրինակ անտարբերություն եկավ։ Նա, որ մինչև այն աչալրջությամբ հսկում էր ամրոցի պահպանության, անձամբ այցելում էր պահականոցները, ներկա էր լինում զորականի վարժությանը կամ թե դիտում էր պաշտպանության պատրաստությունները, հանկարծ հեռացավ, քաշվեցավ այդ բոլորից և էլ ուշադրություն չէր դարձնում ոչ մի բանի վրա։

Բնակակից իշխանուհիները զարմանալով հարցնում էին իրար, թե «ի՞նչ է պատահել արդյոք թագուհուն»։

Եվ նրանք իրավունք ունեին զարմանալու, որովհետև այդ կինը, որ այնքան շատ հոգում էր թե՛ յուր և թե՛ ամրոցականների ապահովության համար դեռ այն ժամանակ, երբ ոչ մի տեղից վտանգ չէր սպառնում երկրին կամ երբ թագավորը դեռ չէր հանդիպել ձախորդության, ինչո՞ւ ընդհակառակը, անուշադիր էր թողել ամրոցը այն միջոցին, երբ ոստիկանն արդեն նստած էր Դվինում և ամեն վայրկյան կարող էր հարձակվել յուր վրա։

Պատճառը պարզ էր։ Հուսահատությունն ընկճել էր նրա կանացի հոգին։

Մինչև այն, որքան էլ ծանր վշտերի մեջ, նա դարձյալ հոգում էր յուր և շրջապատողների վիճակի մասին որովհետև նա սպասում էր արքայի վերադարձին, որովհետև հույս ուներ, թե գուցե Ամրամի ապստամբությունը մի նոր և յուր համար շահավոր փոփոխություն առաջ բերե թագավորի մեջ... Բայց Մարզպետունու բերած լուրերը նրա հույսերը փշրեցին։ Մանավանդ թագավորի Կաքավաքար քաշվիլը և երկիրը բախտի կամքին թողնելը նրան ավելի վհատեցրեց։