Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարվա մեծ մասը ծածկված էր լինում կանաչով։ Նրա շուրջը գտնվում էին հինավուրց ուռենիներ, որոնք արևի ժամանակ գեղեցիկ հովանի էին անում նրա վրա. իսկ գահավանդի կողքից բխում էր մի վճիտ աղբյուր, որ հեզասահ ոռոգում էր ուռենիները և ապա քաղցրակարկաչ դեպի ժայռերը գահավիժելով` թափվում էր խորաձորում շառաչող Ազատի մեջ։ Այդ գահավանդակը յուր գեղեցիկ դիրքի պատճառով վաղուց արժանացել էր հոգածու ձեռքերի խնամքին։ Ո՛վ գիտե, գուցե հենց հովանոցի անդրանիկ տիրուհու` հայոց թագածին օրիորդ Խոսրովադուխտի հրամանով հարդարված էր նա իբրև զբոսանաց ճեմարան։ Գուցե նա ինքն այդտեղ անցուցել էր մենավոր մտածությանց ժամեր, կուսական նվիրման հափշտակության վայրկյաններ կամ, թերևս, չարաբաստիկ սիրո տանջանաց օրեր... սիրո, որ դատապարտեց նրան հավերժական կուսության...։

Ինքը, Սահականույշ թագուհին, սիրում էր հաճախ նստել այդտեղ և զրույց անել իշխանուհիների հետ կամ վայելել երբեմն մի բացօթյա նախաճաշ։

Անցնող անձը, հովանոցի ստորոտը քերելով, խոտորեց դեպի այդ գահավանդակը տանող ուղին։ Թագուհին զարմացավ` տեսնելով, որ դա մի նորատի աղջիկ է, անշուշտ դղյակի բնակչուհիներից մինը և այն` իշխանազուն օրիորդ, որովհետև ծածկած էր մետաքսյա շղարշ և գլխին ուներ ասեղնագործ հյուսկեն, որի ծակոտիներից երևում էր լուսնի առաջ փայլող նրա ոսկե ծամակալը։ Բայց ո՞վ էր նա իսկապես և ինչո՞ւ միայնակ դեպի ժայռերի գահավանդն էր առաջանում, թագուհին չիմացավ, որովհետև նա անցավ ինչպես այծյամ և ինքը նրա դեմքը չնշմարեց։

«Միգուցե գաղտնի վշտերից տանջվող թշվառին մեկն է, որ դնում է իրան դեպի խորաձորը գահավիժելու, անշուշտ ե՛ս չեմ աշխարհում միակ թշվառը...», մտածեց ինքն իրան թագուհին և առաջացավ դեպի հովանոցի աստիճանները։ Նա կամեցավ նախ կանչել սպասուհիներին, որոնք հովանոցից հեռու սպասում էին յուր հրամանին, և ուղարկել նրանց հեռացողի ետևից. բայց մեկ էլ մտածելով, թե գուցե այդպիսով շտապեցնե վտանգը, որոշեց անձամբ հետևել անցնողին։