Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եթե Աշոտ֊Երկաթը հուսահատվում ու հեռանում էր, ո՞վ էր ինքը, որ համարձակվեր ավելի երկար տոկալու։ Նա նմանում էր այժմ մի խեղդվող մարդու, որ ալիքների հետ երկար կռվելուց ու ոգորելուց հոգնած, հանձնում է իրան վերջապես հոսանքի կամքին..։

Ճշմարիտ է, Մարզպետունու` Գառնիում եղած ժամանակ նա համակերպվեց նրա խորհուրդներին, ցանկություն հայտնեց գործակցել նրան, բայց այդ ամենը նա արավ առանց ինքն իրան հաշիվ տալու, առանց մի ներքին բնական եռանդից առաջ մղվելու։ Կյանքը նրա աչքում կորցրել էր արդեն յուր նշանակությունը, նա նրան այլևս չէր հրապուրում. էլ ինչո՞ւ ուրեմն նոր հոգսերի ենթարկվեր, նոր ցավերով բեռնավորվեր։ Թող կատարվի, ինչ որ կատարվելու է, ինչ որ նախասահմանված է... Մարդկային ձեռը չի կարող ջնջել այն ճակատագիրը, որ գծագրել է հավիտենականի ձեռքը...։

Այսպես էր մտածում թագուհին և մի տեսակ թմրության անձնատուր եղած` փակվում օրերով դղյակի սենյակներում և կամ միայնակ զբոսնում Տրդատա հովանոցում։

Մյուս կողմից, սակայն, Մուշեղ բերդակալն ու Գոռ իշխանիկը ծանր հոգսերի մեջ էին. պատրաստություններ էին տեսնում ապագա հարձակմանը դիմադրելու համար, ավելացնում էին ամրոցի պաշտպանության պարագաները և ամբողջ օրերով աշխատեցնում էին զորքը։

Այդ ամենը տեսնում էր թագուհին, նայում էր այդ աշխատությանց վրա սառն, անտարբեր աչքով և երբեմն հարցնում ինքն իրան, թե ինչո՞ւ համար է այս ամենը, ինչո՞ւ մարդիկ կամենում են երկար ապրել, քանի՞ օր կարող են նրանք բախտավոր լինել իրանց կյանքում... և միթե վերջ ի վերջո չպիտի՞ մեռնին...»։

Մի լուսնկա երեկո, երբ թագուհին Տրդատա հովանոցում յուր սովորական բազմոցի վրա նստած հենց այսպիսի մտքերով էր զբաղված, հանկարծ հովանոցի աստիճանների մոտից անցնողի մի շշուկ յուր ուշադրությունը գրավեց։ Նա բարձրացավ բազմոցից և նայեց դեպի վար։

Այնտեղից մի նեղ կածան, որ փորված էր ժայռերի մեջ, իջնում էր դեպի մի փոքրիկ, տափարակ գահավանդ, որ