Վասակ իշխանի արած բարիքները, յուր և Աշոտ բռնավորի մեջ հաշտություն ստեղծելը, արքայական գահին ցուցած ծառայությունները և ի վերջո յուր նրան փոխարինած ապերախտությունր, և վշտացավ։ Նա որոշեց քավել մի բանով յուր հանցանքը։ Եվ այդ որոշման արդյունքն եղավ այն, որ նա որդեգրեց նրա դուստր Շահանդուխտը, որին և յուր մոր` Մարիամ իշխանուհու հետ միասին առավ յուր խնամոց ներքո։
Այնուհետև օրիորդը ապրում էր արքունիքում իբր արքայադուստր. նրան սիրում և փայփայում էին ինչպես մի հարազատ զավակի թե՛ թագավորը և թե՛ թագուհին։ Նրան սիրում էին նույնպես իշխանուհիները։
Բայց այդ բոլոր սիրողների մեջ մինը պաշտում էր նրան:
Այդ Գևորգ Մարզպետունու որդին` Գոռ իշխանիկն էր։
Ինչպե՞ս սկսվեցավ նրանց սերը, այդ ոչ ոք չգիտեր և նույնիսկ իրանք չգիտեին։ Գոռը առաջին անգամ պատահեց այդ սևաչյա, գանգրահեր, գեղեցկադեմ և աշխույժ աղջկան Երազգավորսի արքունիքում, երբ դեռ նոր էին բերել նրան Սյունիքից, և սիրեց նրան. բայց սիրեց ինչպես մի քրոջ և առաջին անգամից էլ քույր անվանեց նրան։ Շահանդուխտը, որ եղբայր չուներ, հաճությամբ լսեց այդ քաղցր անունը և Մարզպետունյանց միամոր ժառանգ, գեղահասակ, գեղեցկադեմ և գեղաչյա Գոռին եղբայր ընդունեց իրան։ Այնուհետև նրանք քույր և եղբայր էին և երկուսը միասին կազմում էին արքունիքի զարդը։
Բայց որքան էլ սկզբնական այդ սերը անմեղ էր ու մանկական, այսուամենայնիվ արքունիքում գուշակում էին, որ մի օր նրանք «քույր» և «եղբայր» անուններից ավելի գողտր ու անուշ անուն պիտի տան միմյանց։ Այդ գուշակությունը ուրախացնում էր նրանց մայրերին, որովհետև ոչ Գոհար իշխանուհին կարող էր ավելի լավ հարսնացու ընտրել յուր Գոռի համար և ոչ Սյունյաց տիկինը` լավագույն փեսա յուր դստեր համար։
Բայց և այնպես մայրերից ոչ մինը չէր ցանկանում, որ այդ խանդը վառվեր նրանց սրտում պատշաճավոր տարիքին հասնելուց առաջ։ Գևորգ իշխանը, մանավանդ, շատ