ինչո՞ւ ինձ հեգնում են, երբ իմ կյանքն ու երկինքը նրա մեջ եմ տեսնում, նրա մեջ որոնում. ինչո՞ւ կամենում են, որ իմ աշխարհի այդ միակ արևը խավարի. չէ՞ որ այնուհետև հուսահատությունը պիտի ինձ տիրե...։
Բայց ի՞նչ եմ ասում. նա արդեն ինձ տիրել է... ահա՛ ես քաշվել, ապաստանել եմ այս խորշերին, լռությունն ու միայնությունը դարձել են իմ միակ ընկերները, անգործությունը՝ իմ միակ զբաղմունքը... ի՞նչ եմ անում ես, տեր աստված. ոչինչ այլևս ինձ չէ հետաքրքրում. ոչինչ իմ սիրտը չէ ջերմացնում... թշնամին հասել, նստել է իմ դռան մոտ, բայց այդ էլ ինձ չէ սարսափեցնում. աշխարհի վրա նայում եմ կարծես դագաղի միջից... Մի՞թե ես ապրում եմ...»։
Եվ թագուհին նայեց հանկարծ յուր շուրջը, տեսավ յուր միայնությունը և խոր հառաչեց։
«Այսպես չէի ապրում ես. այսպես չէր անցնում իմ կյանքը, քանի նա սիրում էր ինձ...»,- շշնջաց նա և լռեց։
Մի քանի վայրկյանից նրա հայացքն ընկավ առանձնարանի պատուհանին։ Երևացին Գեղա լեռան լանջերը` լուսնի լուսով լուսավորված։ Նորեն հիշեց թագուհին սիրահար զույգը, նրանց զրույցները, Շահանդուխտի սիրախոսությունը, Գոռի ոգևորությունը և ինքն էլ կարծես երիտասարդացավ նրանց հետ (թեպետ երիտասարդ էր և վշտերն էին միայն յուր սիրտը ծերացրել)։
«Չէ՛, այդպես չպետք է լինի, դեռ կարելի է ապրել. կամ, գոնե, ուրիշներին ապրեցնել։ Մենք իրավունք չունինք մեզ շրջապատող մահը տարածել ամեն տեղ, կամ ամենքին մեզ հետ միասին մեռցնել։ Ի՞նչ իրավունքով ես պիտի զրկեմ իմ Շահանդուխտին սիրո անուշ վայելքներից կամ պատանի Գոռին՝ կյանքի բարիքներից։ Ես տեսա իմ աչքով, լսեցի իմ ականջով... նրանք սիրում են և երջանիկ են... Ինչո՞ւ չօգնել նրանց, որ երկար, շատ երկար երջանկանան... Նրանք մեր սիրելիները, մեր որդիներն են, բայց մի՞թե մենք մի կամ երկու որդի ունինք... քանի՜-քանի նմանօրինակ բախտավորներ կան մեր աշխարհում, որոնք կամենում են ապրել, կյանքի քաղցրությունները վայելել... Ինչո՞ւ զրկել, ինչո՞ւ