Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նորոգելու համար», մրմնջաց թագուհին և բարձրանալով տեղից` հուշիկ քայլերով հեռացավ դեպի հովանոցը։

Այստեղից նա ուղղվեցավ դղյակը միայնակ, առանց նաժիշտների ընկերակցության, ինչպես անում էր նա երբեմն, և գնաց, փակվեցավ յուր առանձնարանում։

Քիչ ժամանակ հետո բաժանվեցան նաև սիրահարները։ Գոռը իհարկե խոստացավ յուր հարսնացուին կատարել նրա խնդիրը և ամեն երեկո վերադառնալ դղյակ արևի մուտքից առաջ։

Բայց թագուհու վրա մեծ ազդեցություն արավ այս դեպքը։ Նրա վերքերը, արդարև, նորոգվեցան։ Սիրահարների զրույցը դեռ հնչում էր նրա ականջին. նա կարծես տակավին ուռենու մոտ նստած լսում էր նրանց և մերթ ընդ մերթ որոճում այն սիրաշունչ խոսքերը, որ արտասանել էին Գոռը կամ Շահանդուխտը։

«Ապրեցեք, ապրեցե՛ք միմյանց համար, երջանի՛կ արարածներ, ապրեցեք, զի սիրում եք կաթոգին, զի աստծո աջը հովանի է ձեր սիրույն...-խոսում էր ինքն իրան թագուհին։-Ավա՜ղ. ինձ թվում էր, թե այլևս սեր չկա ոչ մի տեղ, թե նա ցամաքել, չորացել է ամենի սրտում, ինչպես հովտի այն ծառերը, որոնց զարնում է խորշակ, որոնց չէ ջրում առուն կամ ցող չէ տալիս երաշտի գիշերը... այդպես եղավ մեր սերը, չորացավ, գոսացավ... ի՞նչ էր մնում մեզ անել, եթե ոչ «հատանել զայն և ի հուր արկանել...»։ Բայց ահա` հենց այդ չորացած ծառի մոտ ես տեսնում եմ մի դալար բողբոջ` ոստիկներով ու տերևով զարդարուն. ի՞նչ անել նրան. մի՞թե չորի հետ միասին կտրել ու այրե՞լ... Ո՜հ, ոչ. թո՛ղ նա ապրի, խնամվի, թող արևը ջերմություն և առուն ջուր պարգևե. թող խորշակը յուր թունավոր շնչով երբեք նրան չզարնե. թո՛ղ նա մեծանա, ուռճանա, գուցե նրա հովանվույն ներքո ապրին ու սնանին սիրո ուրիշ բողբոջներ... Այո՛, սերը չէ մեռել աշխարհում, նա կա, նա ապրում է։ Բայց էլ ինչո՞ւ ծաղրում են ինձ. ինչո՞ւ ամենքը միացած կամենում են խեղդել այդ զգացմունքը իմ չարաբաստ սրտում. ինչո՞ւ զարմանում են, որ ես նրա մասին ավելի եմ մտածում քան այն բոլորի` ինչ որ կատարվում է իմ շուրջը: