Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բախտը, թո՛ղ ես էլ աշխատեմ այն սրտերի համար, որոնք սիրում են և ցանկանում են սիրազուրկ չլինել...»։

Եվ թագուհին վեր կենալով, իսկույն ձայն տվավ նաժիշտներին։

Նրանք ներս եկան։

-Կանչեցեք այստեղ Սեղային,-հրամայեց նա։

Մի քանի վայրկենից ներս մտավ դայակը։

-Սե՛դա, պատրաստվիր. մենք վտղը ևեթ պիտի ճանապարհվենք։

-Ո՞ւր, մեծափառ տիկին,-զարմանալով հարցրեց դայակը։

-Կաքավարերդ։

-Կաքավարե՞րդ. թագավորի մո՞տ։

-Այո՛։

-Ինչո՞ւ, տիրուհի։

-Ինչպե՞ս թե ինչո՛ւ. գնում եմ իմ ամուսնու և թագավորի մոտ. մի՞թե տարօրինակ ցանկություն է այս։

-Բնա՜վ. աստված թո՛ղ օրհնե այդ ցանկությունը և քո ճանապարհը... կամենում էի իմանալ, թե ինչո՞ւ հանկարծ...

-Այսպիսի որոշումն արի...

-Այո՛։

-Դրա համար հետո. խոսելու ժամանակ շատ ունինք։

-Իսկ այժմ ի՞նչ կհրամայես։

-Կարգադրիր, որ վաղ առավոտվանից պատրաստ լինին երկու պատգարակ, զույգ ջորիներով։ Մեզ հետ կլինեն երկու սպասուհի և երկու ծառա։ Իմ պահանորդները թո՛ղ ժամ առաջ ելնեն ամրոցից և սպասեն մեզ ճանապարհին։ Դղյակում լինելիք կարգադրությանց մասին հարկ եղածը կհանձնարարեմ Գոհար իշխանուհուն։ Իսկ ամրոցում բերդակալից զատ ոչ ոք չպիտի իմանա մեր հեռանալը։

Սեդան գլուխ խոնարհեց թագուհուն և դուրս գնաց։