Դ
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՌՈԻՄԸ
Դեռ նոր արևելքն սկսել էր շառագունել, երբ Սևանա վանուց միաբանությունը առավոտյան ժամերգությունն ու պատարագն ավարտելով, դուրս եկավ ս. Առաքելոց եկեղեցուց և ցրվեցավ դեպի բլրակի խուցերը։
Հովհաննես կաթողիկոսը, որ չորրորդ օրն էր, ինչ գտնվում էր այդտեղ, աղոթում էր նույնպես միաբանության հետ։ Թողնելով եկեղեցին, նա փոխանակ դեպի վեհարան դառնալու, Սահակ եպիսկոպոսի հետ միասին բարձրացավ բլրի գագաթը։ Չնայելով որ ցուրտն զգալի էր արդեն, այսուամենայնիվ նա ցանկացավ դիտել այդտեղից արևի ելքը, որ կղզու գեղեցիկ տեսարաններիդ մինն էր կազմում։ նա կանգ առավ Սևանա անդրանիկ եկեղեցու, այն է` ս. Հարության տաճարի առաջ, որ կառուցած էր բլրի գագաթին և սկսավ դեպի արևելք նայել։ Կապուտակ ծովակը, որ պարփակում էր կղզին, խաղաղ էր այդ վայրկենին և միապաղաղ, ինչպես բյուրեղ։ Միայն փոքրիկ մկանունքները գալիս, կոծում էին ժայռապատ եզերքը։ Համատարած կապուտակի վրա ձգվում էին զանազան ուղղությամբ սպիտակ ու երկնագույն շերտեր, նման երկարաձիգ ժապավենների, որոնք տակավ առ տակավ փոխում էին իրանց գույնն ու ձևը, համակերպելով առավոտյան շողերին։
Եվ ահա Այծեմնասարի ետևից ծագեցին արևի առաջին ճառագայթները, և հրափայլ սկավառակը, ինչպես մի հրահոսան անոթ, սկսավ բարձրանալ երկնակամարի վրա։ նրա կենարար ճառագայթները ոսկեզօծեցին ափնածիր լեռները, Սևանա բարձունքն ու ժայռերը և արևմտյան կուսի կանաչազուրկ դաշտերը։ Բայց ամենից գեղեցիկ և սխրալի տեսարանը ներկայացնում էր Նահապետի ծովակը։ Նրա մուգ կապուտակը փոխվում էր հետզհետե բաց երկնագունի. ժապավենները նվազում կամ անհետանում էին, ծովակի մակերևույթը մի տեղ վառվում էր բաց բոսորագույն, մի ուրիշ տեղ փայլում գորշ-արծաթագույն, իսկ բյուրավոր մկանունքները,