-Մի՞թե այստեղ ապահով ենք մենք թշնամու հարձակումից,-հարցրեց նա Սահակ սրբազանին։
-Ապահով ենք, եթե աստուծո աջը հովանի է մեզ...-պատասխանեց եպիսկոպոսը։
-Բայց հովանի՞ է արդյոք։
-Մեզ մահկանացուներիս հայտնի չէ ոչինչ։ Կարելի է միայն հուսալ, թե այս բազմաթիվ միաբանության մեջ կգտնվին սուրբ մարդիկ, որոնց շնորհիվ և նա կազատե մեզ փորձանքից։
-Այո՛, «եթե գտանիցի անդ տասն, ոչ կորուսից և վասն տասանցն», այդպես ասաց աստուծո հրեշտակը Աբրահամին` երբ գնում էր նա Սոդոմը կործանելու: Բայց կգտնվի՞ն մեր մեջ տասն արդար մարդիկ։
Դեռ վեհափառը չէր վերջացրել խոսքը, երբ նա նշմարեց մի լաստ, որ Ցամաքաբերդի կողմից հառաջանում էր դեպի կղզին։
-Ովքե՞ր են հյուր գալիս մեզ այսպես առավոտ անց,-հարցրեց կաթողիկոսը եպիսկոպոսին։
-Գուցե ուխտավորներ,-պատասխանեց վերջինս։
Բայց վեհափառը, որին անհանգստացնում էր կղզուն վերաբերյալ ամեն ել ու մուտ, դարձավ իսկույն դեպի վեհարան և հրամայեց եպիսկոպոսին մարդ ուղարկել և եկվորների ո՛վ լինելն իմանալ։
Կես ժամից ետ, ներկայացավ կաթողիկոսին Դվնո կաթողիկոսարանի սպասավոր Թեոդորոս սարկավագը, որ կղզին մտնողներից գլխավորն էր և հայտնեց վեհափառին՝ թե Բեշիր զորապետը պատրաստվում է մեծ զորքով գալ Սևան և պաշարել նրան կղզու մեջ։
Կաթողիկոսը գույնը նետեց։
-Այստեղ էլ հանգիստ չեն տալիս ինձ,-բացականչեց նա երկյուղագին, և ապա դիմելով Սահակ եպիսկոպոսին, ասաց.-տեսա՞ր, սրբազան, ուրեմն տասն արդար էլ չկա մեր մեջ։
-Գուցե... Բայց ինձ թվում է՝ թե աստված «կորուսանե զարդարն ընդ ամբարշտին»,-կրկնեց եպիսկոպոսը Աբրահամու խոսքերը։