Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնց փոքրիկ հովը հետզհետե ալիքների էր փոխում, փայփլում էին արևի առաջ ինչպես աղամանդ և կամ ջրածին, շրջուն աստղիկներ։

Կաթողիկոսը նայում էր այդ բոլորին. նայում էր և զմայլում:

-Ինչպե՜ս գեղեցիկ, ինչպե՜ս հրաշալի է մեր երկիրը,-բացականչեց նա հանկարծ.-ինչո՞ւ, ինչո՞ւ չենք կարողանում հանգիստ սրտով ապրել այստեղ, ինչո՞ւ անիրավ ճակատագիրը հալածում է մեզ...

Եվ նա հոգով սլացավ դեպի հին դարերը, դեպի այն երջանիկ, անդրանիկ օրերը, երբ այղ տեղերին տիրում էր Գեղամը յուր թոռներով, անխառն ընդոծիններով, երբ այդտեղ լսվում էր միայն հարազատի բարբառը, երբ մարդիկ այդտեղ անծանոթ էին օտարին, նրա լուծին ու բռնության։

Նա հիշեց և այն բախտավոր ժամանակը, երբ հզոր Տրդատը հրամայում էր այդ երկրին. երբ Լուսավորիչը խաչը ձեռին այցելեց այդ ծովակին. երբ քրիստոնեության նորընծա զինվորները Սևան ամրոցը մտնելով՝ հալածեցին այդտեղից քրմերի խումբը և Սյունյաց տոհմական կռոց տաճարը ճշմարիտ աստուծո տուն դարձնելով` «սուրբ Հարություն» անունը տվին նրան։ Նա պատկերացրեց յուր առաջ այն վայրկյանը, երբ Հայաստանյայց լուսատուն Քրիստոսի խաչը հինավուրց կռատան բարձունքը հանելով` նրա հովանվույն ու խնամոցը հանձնեց Գեղամա ծիծաղախիտ ծովակը յուր համր ու խաղաղ բնակիչներով, յուր գեղազարդ ափերով...։

Իսկ ա՞յժմ... Այո՛, այժմ էլ այդ ծովակն ու կղզին Սյունյաց տերերի կալվածն էր. նա գտնվում էր հայոց թագավորի հովանավորության ներքո։ Բայց եթե հանկարծ հագարացիք շրջապատեին նրան, եթե արաբացոց վայրենի և գարշադեմ զորքը խուժեր այդ կղզին, ավարի առներ նրա սրբությունները, սրի անցըցներ միաբանությունը, գերի վարեր իրան` կաթողիկոսին, ով արդյոք պիտի դիմադրեր նրանց...։

Այս մտքերը հուզեցին կաթողիկոսի սիրտը և մի հանկարծական երկյուղ պաշարեց նրան: