վարդապետը և տեղվույն միաբանության գլխավորները հակառակեցան այդ խորհրդին։
-Չպետք է մի անձի պատճառով շատերին զոհել,-ասում էին նրանք,-կաթողիկոսի փախստյան համար տեղ չի պակսիլ. բայց նրա ամեն մի փախուստը բազմաթիվ զոհեր է տալիս թշնամուն։ Եթե աստված վեհափառի համար մահ է որոշել, ապա նա չպիտի վարանի այդ որոշման հնազանդել, ըստ որում ո՛ւր որ էլ փախչե, դարձյալ պատուհասը կհասնե նրան. իսկ եթե չէ որոշել, ապա Բեշիրի հարձակումը չի կարող վնասել նրան։
Բայց այս զրույցները չփարատեցին կաթողիկոսի և նրա մերձավորների երկյուղը։ Կայացավ մի գաղտնի խորհուրդ, որ որոշեց Բյուրականի բախտը. այն է` համոզել կաթողիկոսին հեռանալ շուտով դեպի Բագարան, Աշոտ սպարապետի մոտ, և ազատել յուր անձը վտանգից։ Սպարապետը ոչ միայն մեծ զորք ու անառիկ ամրություն ուներ, այլև վայելում էր ոստիկանի բարեկամությունը։ Հետևապես վեհափառը կապահովեր իրան, եթե ապավիներ այդ իշխանին։
Երբ կաթողիկոսը հայտնեց Սահակ եպիսկոպոսին յուր որոշումը և առաջարկեց նրան «խույս տալ աստուծո բարկությունից» յուր հետ միասին, սրբազանը պատասխանեց.
-Ես կմնամ իմ ժողովրդի հետ։ Երբ նա կռվե, ես կաղոթեմ, երբ մեռնի, կմեռնեմ նրա հետ միասին...։
Նույն որոշումն արին կաթողիկոսի հետևորդներից Մովսես վարդապետը, Թեոդորոս սարկավագը, երկու եղբայր Մովսես և Դավիթ քահանաները իրանց աշխարհական եղբոր` Սարգսի հետ, և մի քանի ուրիշներ։
Բայց և այնպես նույն ավուր գիշերը կաթողիկոսը յուր երկչոտ մերձավորները ժողովելով, նրանց հետ միասին խույս տվավ դեպի Բագարան։
Հետևյալ առավոտ մի քանի գունդ զինվորներ հառաջանում էին դեպի Բյուրական։ Ամրոցականները հեռվից նրանց տեսնելով` կարծեցին թե թշնամու հառաջապահներն են և սկսան տագնապով դեպի մարտկոցները վազել։ Բայց երբ այդ գնդերը մոտեցան, նրանք զարմանալով նկատեցին ոստանիկների դրոշակները և ուրախությամբ լցվեցան։ Եկողները