Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչ թե թշնամիներ, այլ հայ զորքեր էին. բայց ո՞ր իշխանի զորքերը, ոչ ոք չգիտեր։

Երբ նրանք Բյուրականի պարիսպներին հասան, ամրոցականները զարմանալով տեսան, որ մի քանի հարյուր հոգուց բաղկացած այս զորագունդը ոչ պետ ունի, ոչ գլխավոր, այլ մի ինչ-որ խարազանազգեստ մարդ, խաչանիշ դրոշը ձեռին, առաջնորդում է նրանց։

Երբ ամրոցի դռները բացին օգնության հասնող զորքը ներս ընդունելու, Սահակ սրբազանը դեպի դրոշակակիր առաջնորդը առաջանալով, ասաց.

-Այս ի՞նչ եմ տեսնում... հայր-Սոլոմոն։ ճգնավորը զորապե՞տ է դարձել...

-Այո, սրբազան. եկեղեցվո ազատությունը պաշտպանող զորքին ճգնավորները պիտի առաջնորդեն,-պատասխանեց խարազանազգեստ Հայրը և պատմեց նրան, թե ինչպես էր ժողովել այդ զորագունդը։

Սոլոմոն ճգնավորը Սագաստան աքսորված մի հայ քահանա էր, որ բախտի բերմամբ ազատություն գտնելով՝ վերադարձել էր հայրենիք և յուր օրերը վանքերում անցնում էր ճգնությամբ։

Լսելով Այրիվանքի կոտորածը և հայոց կաթողիկոսի կրած հալածանքները, նրա մեջ վառվեց ազգակիցներին օգնելու նախկին եռանդը և նա սկսավ թափառել շեներն ու ավանները և հորդորել ժողովրդին զենքի դիմելու և իրանց պաշտպանելու, քանի որ իշխանները մերժում էին նրանց այդ պաշտպանությունը։

Ճգնավորին ընկերացան մի քանի ազատ զինվորներ, որոնց շնորհիվ նա հետզհետե կազմակերպեց մի գունդ, որ օգնության էր հասնում հարձակման ենթարկվող գյուղացիներին։ Երբ լուր տարածվեց, թե Բեշիրը դիմում է Բյուրական՝ կաթողիկոսին ձերբակալելու, ճգնավորը հրավեր կարդաց յուր գնդին՝ գնալ հայրապետին օգնության, որովհետև նա էլ նույնչափ լքյալ ու անօգնական էր, որքան գեղջուկ ժողովուրդը։

Այս հրավերը սիրով ընդունվեցավ գնդի կողմից։

Բացի այդ, ճգնավորի խմբին միացան նաև ավաններում