Էջ:Muratsan, vol. 4.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գ

ԴԱՅԱԿԻ ԶՐՈԻՅՑՆԵՐԸ

Դահլիճից հեռանալով` թագուհին մտավ յուր առանձնարանը հոգեպես հուզված։ Առաստաղից կախած արծաթե կանթեղի լույսը տկար դժգույն թվաց նրան, թեպետ յուր հրամանովն էր, որ միայն մի ճրագ էր վառվում յուր քնարանում։ Ուրիշ անգամ այդպիսի թերություն նա չէր նշմարիլ այդտեղ, բայց այժմ չկարողացավ հաշտվել փոքրիկ ճրագի հետ։

-Լո՛ւյս տվեք, առանց այն էլ սիրտս մթապատ է,- բացականչեց թագուհին և դիմեց դեպի նեղ, կամարակապ պատուհանը, որ նայում էր լուսնի լուսով լուսավորված Գեղա լեռան բարձունքներին, և որտեղից հով էր առնում սենյակը։

Կանգ առնելով այդտեղ, նա սկսավ անհագաբար շնչել թարմ օդը, կարծես կամենալով մեղմել նրա զովությամբ յուր սիրտը վառող կրակի տապը։

Նաժիշտներից մինը ներս բերավ իսկույն ոսկեզօծ հնգճյուղյան ճրագարանը և դրավ ընկուզենուց շինած և սադափով ու փղոսկրով զարդարած նգույրի (բոլորշի սեղան) վրա։

Սենյակը լուսավորվելով` երևան հանեց հինավուրց արհեստի նրբաճաշակ զարդարանքները, որոնցով գեղարվեստասեր Տրդատը դարեր առաջ պաճուճել էր տվել յուր սիրարժան քեռ, հայոց թագածին օրիորդի և հավերժական կույսի գիշերային հանգստարանը։ Դղյակի ուրիշ շատ սենյակների նման քարաշեն էր և այս առանձնարանը, միայն այն զանազանությամբ, որ սա կերտված էր ընտիր, գույնզգույն քարերից։ Պատերից յուրաքանչյուրը բաժանվում էր չորս կամարամասի, հնգական զույգ որմնասյուներով, որոնք հաստատված էին գոտեզարդ պատվանդանների վրա։ Նրանց հոնիական խոյակները միավորում էին չորս կիսաբոլոր կամարներ։ Պատերի հարթ ու ողորկ մասերը շինված էին սպիտակ, սյուներն ու կամարները` դեղնագույն քարից, իսկ պատվանդաններն ու խոյակները` հրաշեկ պորփյուրից։ Որմնասյուներով բաժանված մասերում մեջընդմեջ շինված էին կամարազարդ խորշեր, որոնց ներսը կերտված էր հախճապակյա գույնզգույն